211652_close_icon
views-count5852 դիտում article-date 15:05 13-05-2020

ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մայիսի 11-ի դրությամբ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ COVID-19 չի ախտորոշվել։ «[url=https://armenpress.am/arm/news/1015166.html]Արմենպրես[/url]»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ քրեակատարողական ծառայողներից 11-ի մոտ ախտորոշվել է նոր տիպի կորոնավիրուս։ «COVID-19-ով վարակված 11 ՔԿ ծառայողից 7-ն արդեն ապաքինվել է։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել ու շարունակաբար իրականացվում են անազատության մեջ պահվող անձանց և ՔԿ ծառայության համակարգի աշխատակիցների կյանքի ու առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ»,- նշեց Նավիկյանը։ Նրա խոսքով՝ ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում՝ ջերմաչափման աշխատանքներ։ Նավիկյանը տեղեկացրեց, որ առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։ Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները։ «Անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։ ՀՀ արդարադատության նախարարությունն իր հերթին, Առողջապահության նախարարության հետ համատեղ, շարունակաբար իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ բացառելու համար վարակի ներթափանցումը հիմնարկներ։ ՔԿՀ-ների բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում։ Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ և ձեռնոցներ»,- ասաց Նոնա Նավիկյանը։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Կամո Մանուկյանը տեղեկացրեց, որ ՔԿՀ-ներում պահվող ազատազրկված անձանց թեստավորման գործընթացն իրականացվում է այնպես, ինչպես ազատության մեջ գտնվողների շրջանում։ «Քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում առ այսօր կատարվել է COVID-19 հայտնաբերման ՊՇՌ 13 հետազոտություն»,- նշեց Մանուկյանը և հավելեց, որ կատարված հետազոտությունների արդյունքում դրական պատասխաններ չեն արձանագրվել։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կաշխատեն միայն տաքսիները։

Նմանատիպ նյութեր