211652_close_icon
views-count1879 դիտում article-date 19:20 11-06-2020

Սյունիքի և Վայոց ձորի մարզի 12 խոշորացված համայնքներում կմեկնարկի արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ իրազեկման արշավ

Հունիսի 12-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքներում կմեկնարկի արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ իրազեկման արշավ՝ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով: Իրազեկման արշավը իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրագործվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ: Արշավի նպատակն է բնակչության շրջանում ձևավորել բնական ռեսուրսների, մասնավորապես՝ արոտի ողջամիտ ու անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ: Ինչն իր հերթին կնպաստի արոտի կայուն կառավարման սկզբունքների կիրառմանն ու արոտօգտագործման արդյունավետ կազմակերպմանը, կնվազեցնի տարերային անասնապահության բացասական ազդեցությունն արոտային էկոհամակարգերի վրա և անասնապահության արտադրողականության ավելացմամբ՝ կխթանի տնային տնտեսությունների եկամուտների աճը: Արշավի ընթացքում նախատեսվում են նաև հատուկ միջոցառումներ երեխաների համար՝ բարձրացնելու նրանց հետաքրքրվածությունն ու գիտելիքների մակարդակն արոտների պահպանման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև սերմանելու պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ: Արշավը կշարունակվի մինչև օգոստոս ամիս և կիրականացվի հիմնականում առցանց՝ կայքերի, սոցիալական հարթակների և ԶԼՄ-ների միջոցով: Արշավին կարող եք հետևել համայնքապետարանների կայքէջերում և Ֆեյսբուքյան էջերում տեղեկատվության հրապարակման միջոցով: [b]Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ[/b]

Նմանատիպ նյութեր