211652_close_icon
views-count616 դիտում article-date 09:01 19-06-2020

Կանոնները հարգելով է, որ պիտի փրկվեն մարդկային միլիոնավոր կյանքեր. «Ամերիկայի ձայն»

Կես տարի անցավ այն օրից, երբ կորոնավիրուսը հայտնաբերվեց Չինաստանում ու արագ տարածվեց դեպի աշխարհի բոլոր երկրները: Սակայն ամենակարևոր հարցի պատասխանը դեռևս միանշանակ չէ: Իսկ հարցը հետևյալն է. Ինչպե՞ս են մարդիկ վարակվում: Ինչպես գիտնականներն են այսօր ասում, վարակված մակերեսներից վարակվելու հնարավորությունը շատ փոքր է: Փոքր է նաև դրսում մարդկանց հոսքից վարակվելու հավանականությունը: Ինչպես The Wall Street Journal պարբերականն է գրում, ամենամեծ վտանգը մոտից ու երկար ժամանակ տևող շփումներն են: Բազմամարդ միջոցառումները, վատ օդափոխվող տարածքները, որտեղ մարդիկ խոսում են բարձր կամ երգում, վարակի տարածման ամենավտանգավոր տեղերն են: Այս տեղեկությունների հիման վրա են բիզնեսի ղեկավարներն ու կառավարությունները կայացնում տնտեսությունը վերաբացելու մասին որոշումներ: Իսկ եթե ուզում են բացել ինչ որ հաստատություն, ուրեմն պետք է տեղադրեն ապակու տարանջատիչներ, մարդիկ պիտի հաստատության ներսում կրեն դիմակներ, պետք է ապահովվեն օդափոխիչ պայմանները և պատուհանները պետք է հաճախ բաց թողնեն: Վերջին երկու հետազոտությունները պարզել են, որ լայնածավալ սահմանափակումներն ու տանը մնալու հրահանգները, ինչպես նաև բիզնեսները փակելու հանգամանքը տասնյակ միլիոնավոր մարդկանց է փրկել վարակվելուց, փրկել հարյուր հազարավոր մարդկանց կյանք: Փորձագետներն ասում են, որ սահմանափակումները մեղմելուց հետո հիմա պետք է շարունակել այդ գործընթացը, պարզապես հարկավոր է խստացնել միջոցները շենքերում: Կորոնավիրուսով վարակվելու առաջին ամենամեծ վտանգը հազն է: Բարձր խոսելու միջոցով նույնպես օդում հայտնվում է թքի փոշի, որը վարակի ամենամեծ տարածողն է: Շնչառական կաթիլները, այսինքն մարդու շնչառական օրգաններից օդում տարածվող հեղուկն է կովիդ 19-ի գլխավոր վտանգը, եթե դրանք ընկնում են մարդու աչքերի, քթի կամ բերանի մեջ: Սակայն եթե կա հեռավորություն, դրանք ավելի շուտ հասնում են գետնին, քան մարդու դեմքին: Հետազոտությունների համաձայն, վարակը տարածելու ունակություն ունեն նաև աերոզոլային կաթիլները, այսինքն փոշու տեսք ունեցող արտահոսքը, որոնք մինչև գետնին ընկնելը, ավելի երկար են մնում օդում և ունեն վարակելու ավելի մեծ հնարավորություն: Այնպես որ, չափազանց կարևոր է աշխտավայրերում և մարդաշատ այլ տեղերում սենյակների օդափոխիչ համակարգի գոյությունը: Օդը դեպի առաստաղը, կամ պատուհանից դուրս մղելը, ներս թարմ օդ մղելը մեծապես է կրճատում վիրուսի տարածման հնարավորությունը: Վիրուսի տարածման համար ամենավտանգավոր պայմաններից են, ինչպես արդեն ասվեց, բարձր խոսելը, բղավելը, հազալը, երգելը: Իսկ դրանք մեծ հավաքույթներն են, հարսանիքները, խնջույքները, համերգներն ու թատերական ներկայացումները: Այս ամենին գումարվում է ֆիզիկական վարժություններ կատարելու արդյունքում խորն ու արագ շնչելը: Մարմնամարզական ակումբներում ուրեմն, մեծանում է կորոնավիրուսի տարածման հնարավորությունը: Դրանք ապացուցվել են փաստացի օրինակներով: Կալիֆորնիայի համալսարանի մասնագետների կողմից անցկացված հետազությունների համաձայն, կովիդ 19-ով հիվանդ մարդկանց 10 տոկոսն է կրում բոլոր վարկվածների 80 տոկոսին վարակելու պատասխանատվությունը: Վիրջինիայի համալսարանի մասնագետներն էլ նշում են, որ դրսում վարակի տարածման հնարավորությունն ավելի քիչ է, քան տներում ու հիմնարկ հաստատություններում: Սակայն սահմանափակումները մեղմելու այս ընթացքում, եթե օրինակ Միացյալ Նահանգներում գրանցվի վիրուսի տարածման արագության նկատելի աճ, այստեղ կսկսվեն իրականացվել ավելի խիստ միջոցներ, քան մարտ ամսից ուժի մեջ մտած կանոններն են: Եվ յուրաքնաչյուր հաստատություն կարող է, իր աշխատակիցների թվի ու շենքի մակերեսին համապատասխան, ընդունել իր ներքին օրենքները, օրինակ սրճամաններից, թեյամաններից, սառնարաններից ու ընդհանուր համակարգիչներից օգտվելու կանոններ: Նույնիսկ քննարկվում է դատավորների ու ատենակալների միջև հեռավորություն պահպանելու հարցը: Մյունխենի համալսարանի վարակաբանները միանում են այն փորձագետներին, որոնք շարունակ ասում են ու պնդում, հայտարարում ու խնդրում, որ չպետք է մոռանալ ձեռքերն ախտահանիչ նյութերով մաքրելու, լվացվելու կարևորության, միմյանց միջև հեռավորություն պահպանելու պահանջի մասին: Որպեսզի մինչև դեղամիջոցի հայտնաբերումը կամ պատվաստանյութի ստեղծումը, հնարավոր լինի փրկել մարդկային միլիոնավոր կյանքեր:

Նմանատիպ նյութեր