211652_close_icon
views-count2325 դիտում article-date 10:36 02-07-2020

Քաղաքական ուժերի արձագանքն արտաքին վտանգներին պիտի միասնական լինի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում մտահոգություն էին հայտնում, որ վերջին սադրիչ հայտարարությունները, հռետորաբանությունն ու իրավիճակի շոշափելի փոփոխությանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը։ Թեև, ինչպես միշտ, համանախագահները չեն նշում, թե Արցախյան հակամարտության հատկապես որ կողմերն են նման հռետորաբանություն կիրառում, բայց թե՛ իրենց և թե՛ ամբողջ աշխարհին պարզ է, որ այդ հայտարարությունները հնչում են Բաքվից: Սակայն զարմանալիորեն այդ նույն հռետորաբանությունը մեր՝ հայաստանյան քաղաքական ուժերը փորձում են օգտագործել իրար դեմ: Վերջին անգամ Իլհամ Ալիևը հոխորտացել է ադրբեջանական բանակի N զորամասի բացման ժամանակ (հենց այդ հայտարարություններն, ըստ ամենայնի, առաջին հերթին նկատի ունեն համանախագահները): Բնականաբար, չեմ պատրաստվում մեջբերումներ անել այդ, ինչպես միշտ, ագրեսիվ ելույթից: Պարզապես հիշեցնեմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նպատակն է ոչ միայն հայաթափել Արցախը, այլև վերացնել հայկական պետականությունը և վտարել մեզ այս տարածաշրջանից, ինչի մասին Ալիևը մշտապես հիշեցնում է: Հետևաբար, ոչ մի առումով և ոչ մի տեսակետից նրա խոսքը չի կարող հեղինակավոր լինել որևէ հայի համար: Բայց արի ու տես, ի պատասխան Ալիևի հոխորտանքի, ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հանդես է գալիս հայտարարությամբ, որում մեղադրանքի սլաքներն ուղղում է ներկայիս իշխանության դեմ: Վերջինս էլ չի կարողանում անտեսել նման մեկնաբանությունը (ինչպես, կարծում եմ, պետք է վարվեր), անպայման պիտի, տղայական լեզվով ասած, «աբարոտկա ֆռա», ուստիև վարչապետի մամուլի քարտուղարի շուրթերով հանդես է գալիս պատասխան հայտարարությամբ: Այդ ամենը, բնականաբար, ուղեկցվում է երկու ճամբարների մի քանի տասնյակ ներկայացուցիչների «ուղեկցող մեկնաբանություններով»: Եթե Ալիևի ասածներին քաղաքական ուժերը պետք է արձագանքեն, ապա այդ արձագանքը, կարծում եմ, պիտի միասնական լինի: Հասկանում եմ, որ այսօրվա Հայաստանի պարագայում դա հնչում է որպես ֆանտաստիկա («բա մենք էս հանցագործների հետ․․․» և այլն): Շատ ափսոս. իդեալական տարբերակն այն է, երբ արտաքին վտանգներ պարունակող որոշ իրադարձություններին մեր բոլո՛ր հիմնական քաղաքական ուժերն արձագանքում են համատեղ հայտարարությամբ: Դրա համար անհրաժեշտ է, իհարկե, որ նրանց մեջ աշխատի շփումների որոշակի մեխանիզմ: Բայց եթե դա հնարավոր չէ, շատ ցանկալի է, որ առանձին հայտարարությունների դեպքում տոնայնությունը նույնը լինի և բացառի փոխադարձ կշտամբանքները: ․․․Մի քանի ամիս առաջ իշխանությունը «ապրիլյան պատերազմն ուսումնասիրող» խորհրդարանական հանձնաժողով էր ստեղծել, որն, ըստ երևույթին, կոչված է ապացուցել, որ այդ իրադարձությունների ժամանակ մեր զինվորները կռվում էին բահերի կոթերով, տանկերի մեջ ջուր էր լցված ու ամեն ինչ գողացած էր: Ինձ թվում է, նման բաներով խաղ չեն անում: Անգամ, եթե այդ խաղը քաղաքական է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր