211652_close_icon
views-count2831 դիտում article-date 22:07 20-07-2020

Կուտակային վերելակային ավանդ․ ԱԻՆ-ը բնակելի շենքերի վերելակները փոխելու նախագիծ է ներկայացրել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայեցակարգում նշվում է, որ բազմաբնակարան շենքերի մարդատար և մարդաբեռնատար (400, 630, 1000 կգ բեռնունակության) վերելակներ արտադրող կազմակերպությունների կողմից` արտադրողի պահեստից շուկայահանվող վերելակների շուկայական մոտավոր գներն այսօրվա դրությամբ տատանվում են 4-10 մլն դրամի ($ 8-20 հազար) սահմաններում: Երևանում և մարզերում ծառայության ժամկետը սպառած և շահագործման մեջ գտնվող 5330 վերելակների միաժամանակյա փոխարինման դեպքում խոշորացված մոտավոր հաշվարկներով կպահանջվի շուրջ 21-53 մլրդ դրամ ($ 43 - 107 մլն) գումար։ «Այսպիսի ծավալների ֆինանսավորման ապահովումը միայն պետական բյուջեի հաշվին մոտակա տարիներին կապված կլինի մեծ դժվարությունների հետ, ուստի անհրաժեշտ կլինի ներգրավել հիմնադրամների, դոնոր երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի, դրամաշնորհների ու երկարաժամկետ ներդրումների միջոցները, ինչպես նաև օգտվել իրավաբանական ու ֆիզիկական անձանց և բարեգործական ընկերությունների նվիրատվություններից և օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից»,- ասվում է նախագծում։ Նորով փոխարինված ցանկացած վերելակի շահագործման հանձնման օրվանից դադարեցվում է պետական բյուջեից տվյալ վերելակի ֆինանսավորումը: Այդ պահից սկսում է գործել պետական բյուջե ֆինանսական միջոցները հետ վերադարձնելու գործընթացը, յուրաքանչյուր վերելակի համար բաժանորդների կողմից պարտադիր վճարման ենթակա գումարների՝ ամեն ամիս կատարվող դրամական փոխանցումների հիման վրա ձևավորված «Կուտակային վերելակային ավանդ»-ը: «Կուտակային վերելակային ավանդ»-ը տնօրինելու է պետությունը: Ավանդի կառավարչի կազմավորման, գործունեության և գործառույթների հետ կապված հարաբերությունները «Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրման հետ իրականացվում և կարգավորվում են ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա։ «Կուտակային վերելակային ավանդ»-ի կառավարչի պետական գրանցումն ու լիցենզավորումն իրականացնում է Կենտրոնական բանկը: Իսկ վերելակների օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարի հաշվարկումը կատարելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Պարտադիր վճարման ենթակա գումարի հաշվարկն իրականացվելու է հայեցակարգով նախատեսված երկու բաղադրիչներով`վերելակի էլեկտրաէներգիայի ծախսի և վերելակի շուկայական գնի հիման վրա: Նախագծում ներկայացված են նաև «էլեկտրաէներգաարժեք»-ի և «վերելակարժեք»-ի հաշվարկման օրինակները, որոնք ըստ հերթականության ներկայացված է ստորև․ «Էլեկտրաէներգաարժեք» - «Պայմանականորեն ընդունում ենք, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ և շենքում տեղադրված է մեկ վերելակ, որը մեկ ամսում սպառել է 706 կվտ էլեկտրաէներգիա, մեկ կվտ էլեկտրաէներգիայի միջինացված սակագինը 42,5 դրամ է, մեկ ամսվա համար ծախսված էլեկտրաէներգիայի գումարը կազմում է 30,0 հազար դրամ, մեկ բնակչի կողմից վերելակից օգտվելու համար մեկ ամսվա սպառած էլեկտրաէներգիայի գումարի չափը կկազմի 150 դրամ: Մեկ մուտք ունեցող մեկ շենքում երկու վերելակի առկայության դեպքում այդ գումարը կկազմի 300 դրամ» «Վերելակարժեք» - «Պայմանականորեն ընդունում ենք, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ և շենքում տեղադրված էր ծառայության ժամկետը սպառած մեկ վերելակ, որը փոխարինվել է 25 տարվա նշանակված ծառայության ժամկետ ունեցող նոր վերելակով, որի շուկայական արժեքը կազմում է 4,0 միլիոն դրամ, մեկ բնակչի կողմից վերելակից օգտվելու համար մեկ ամսվա համար վերելակի արժեքի չափաբաժինը կկազմի 66,7 դրամ, իսկ 10,0 միլիոն դրամ շուկայական արժեքով վերելակի համար` 166,7 դրամ: Մեկ մուտք ունեցող մեկ շենքում երկու վերելակի առկայության դեպքում այդ գումարները համապատասխանաբար կկազմեն 133,4 դրամ և 333,4 դրամ»։ Այսինքն, 4 մլն դրամ արժողությամբ վերելակի համար Պարտադիր վճարման ենթակա գումարն ամսական կկազմի 216,7 դրամ, 10 մլն դրամ արժեքով վերելակի համար՝ 316,7 դրամ։ Սակայն, բնակիչների կողմից պարտադիր վճարման ենթակա գումարի վերջնական արժեքը որոշվում է հաշվարկված միջին «Էլեկտրաէներգաարժեք»-ի և «Վերելակարժեք»-ի հանրագումարին ավելացնելով 10 % չնախատեսված ծախսեր, վերելակ շահագործող անձանց պահպանման ծախսերի և մասնագիտացված ՓՄՁ կազմակերպությունների պայմանագրային հիմունքներով վերելակների մշտական ընթացիկ սպասարկման նորոգման աշխատանքների կատարման` մատուցված ծառայությունների դիմաց վճարման համար ծախսերի ապահովման նպատակով: Ըստ վերջնական պայմանական հաշվարկի՝ 10 % ավելացումից հետո 4 մլն դրամ շուկայական արժեքով վերելակի համար պարտադիր ամսավճարը կազմում է 237,3 դրամ, իսկ 10 մլն դրամ արժեքով վերելակի համար՝ 348,3 դրամ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ տարածքում հանրապետության բնակչության մոտ կեսը բնակվում են բազմաբնակարան բնակելի շենքերում: Բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է մինչև 1990 թվականը, այսինքն դրանցում տեղադրված վերելակների տարիքն արդեն իսկ գերազանցում է 30 տարին, որոշներինը նույնիսկ 50 տարին, մինչդեռ վերելակներ արտադրող կազմակերպությունների կողմից նշանակված ծառայության ժամկետ է սահմանված 25 տարին: ԱԻՆ պաշտոնական տվյալների համաձայն` 2006-2019 թվականների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան բնակելի շենքերում շահագործվող վերելակների վթարների 21 դեպք՝ 9 մարդկային զոհերով, 20 մարմնական վնասվածքներով: «Դժբախտ դեպքերը, որոնք տեղի են ունենում վերելակներում, որոնք անմիջապես կապված չեն տեխնիկական անվտանգության փորձաքննության որակի հետ, հետևանքն են վերելակային տնտեսության բարձիթող և անմխիթար վիճակի, ինչպես նաև կապված են բաժանորդների և հաճախորդների կողմից անվտանգության կանոնների խախտման, դրանց չիմացության, սխալ շահագործման հետ՝հաշվի առնելով նաև վերելակների տարիքը»,- նշված է նախագծում: Վերելակային տնտեսության մեջ «Տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին» հայեցակարգի ընդունումը սահմանված է որպես ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող 2020 թվականի միջոցառում:

Նմանատիպ նյութեր