211652_close_icon
views-count3447 դիտում article-date 10:19 01-08-2020

Ապրիլյանի հանձնաժողովը բուռն աշխատում է. վերջնական զեկույցի մի հատված գաղտնի կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները բուռն աշխատանքային քննարկումների, հանդիպումների փուլում են: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովականներն այս օրերին համադրում, քննարկում են այն փաստաթղթերը, հանդիպումների ժամանակ ստացած տեղեկությունները, որոնց միջոցով կկարողանան եզրահանգման գալ: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ սեպտեմբերին մեկնարկելիք ԱԺ նիստի ժամանակ քննիչ հանձնաժողովը ներկայացնելու է եզրակացությունը: ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ իրենք ակտիվ աշխատում են, որպեսզի սեպտեմբերին արդեն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքի եզրակացությունը: «Բնականաբար, հանդիպում ունենում ենք պարոն Քոչարյանի հետ, աշխատում ենք, ամբողջ ամռանը աշխատել ենք այդ ուղղությամբ, միմյանց հետ հանդիպում-քննարկումներ ենք ունենում: Այո, նստաշրջանը սկսի, ներկայացնելու ենք եզրակացությունը»,-եզրափակեց Պողոսյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր անցած տարի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը ևս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբերին: Վերջնական զեկույցի մի մեծ հատված, հնարավոր է, գաղտնի լինի»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր