32583 դիտում
18:28 11-08-2020
Կաթողիկոսի եղբոր ղեկավարած գյուղում մի քանի տան բնակիչներ «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի մեղքով ապրում են քարե դարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 20-րդ փողոցի 8 ընտանիք հոսանքի խնդիր ունի: Այս փողոցում մարդիկ ապրում են 1992 թվականից: Ասում են՝ էլեկտրական սյուներն ու լարերն իրենց ուժերով են անցկացրել, բաժանորդ են դարձել, բայց նորմալ լարումով էլեկտրականություն այդպես էլ չեն ստացել:
Բնակիչների խոսքով՝ 20 տարի է, դիմում են էլեկտրական ցանցերին՝ խնդիրը լուծելու համար, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ընկերությունից պատասխանում են, որ համայնքի այս հատվածը ենթակայանից դուրս է:
Ոսկեհատ գյուղի 20-րդ փողոցում ապրողներն էլեկտրացանցի պատասխանն անտրամաբանական են համարում: Ասում են՝ հաշվիչ ունեն, էլեկտրականության համար կանոնավոր վճարում են: Այդ դեպքում՝ ինչու պետք է ցանկացած հարց իրենք իրենց ուժերով լուծեն: Երկու տարի առաջ էլեկտրական ցանցերը փոխել է գյուղի էլեկտրական լարերի սյուների մի մասը: Իրենց փողոցի թեքված սյուներն այդպես էլ թողել են:
Էլեկտրականության տատանումից հաճախակի տեխնիկան է խափանվում: Դրանց նորոգման հարցն էլ են բնակիչները լուծում: Նրանք ՀԷՑ-ին խնդրում են մի քանի նոր սյուն էլ իրենց փողոցում տեղադրել եւ նորմալ էլեկտրականություն մատակարարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղացիներ էլ ասում էին. «Մեր գյուղապետը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի եղբայրն է, ով եթե մի քիչ ցանկություն ունենար, հաստատ էս խնդիրը կլուծեր, բայց, չգիտես ինչու, չի փորձում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն ու Արմավիրի մարզպետարանին միջնորդի, որպեսզի նրանք հստակ քայլեր կատարեն և մեր էս մի քանի տարի չլուծվող էլեկտրասյուների խնդիրն ու դարն ապրած էլեկտրալարերի փոխման հարցը լուծի»:
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+