ՊԲ-ն երբևէ չի թիրախավորել բնակչությանը․ Ստեփանակերտում հերքում են Ադրբեջանի հերթական սուտը
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունն այն մասին, իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ:
«Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, շարունակելով հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը, այսօր հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ զինծառայողները գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակ են բացել Թերթերի շրջանի Ղափանլը գյուղի ուղղությամբ:
ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշված հաղորդագրությունն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Ավելին՝ պաշտպանության բանակի համար քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները երբևէ թիրախ չեն հադիսացել ու չեն հանդիսանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել իրադրությունից բխող անհրաժեշտ գործողություններ»,-ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։