211652_close_icon
views-count1570 դիտում article-date 10:37 24-09-2020

Օտար խաղեր․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Դուք ծառայում եք օտար ուժերին»՝ սա Հայաստանի քաղաքական դիսկուրսում ամենատարածված մեղադրանքն է, որն արդեն 30 տարի է՝ քաղաքական ուժերը շպրտում են իրար երեսի: Օրինակ, 90-ականների սկզբին ընդդիմության մի մասը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին մեղադրում էր «Կագեբեի գործակալներ» լինելու մեջ: Նույն ժամանակահատվածում իշխանությունը մեղադրում էր Դաշնակցությանը, որ այն «ղեկավարվում է դրսից»՝ ենթադրաբար Աթենքից, որտեղ այն ժամանակ տեղակայված էր այդ կուսակցության ղեկավար կորիզը: Բայց դասական սխեման մինչև 2018 թվականը հետևյալն էր. իշխանությունն իր ընդդիմախոսներին մեղադրում էր Արևմտյան որոշակի շրջանակների կողմից հովանավորվելու մեջ, և, մասնավորապես, պնդում էր, որ այդ շրջանակները 95 թվականից սկսած ամեն ինչ անում են մեր «հրաշալի» ընտրությունները վարկաբեկելու համար: Իսկ ընդդիմությունը, հակառակը, մեղադրում էր իշխանությանը Կրեմլի բոլոր հրահանգները կատարելու և այդ գնով իր աթոռները պահպանելու մեջ: Ինչ մնում է ընտրություններին, ապա իսկապես, եթե հիշում եք, ԱՊՀ դիտորդները ռազմավարական գործընկերության «բարձր գրադուսի» տակ մշտապես գովերգում էին դրանք, իսկ արևմտյան գնահատականները տարբեր աստիճանի «կիսաքաղցր» բնույթ էին կրում: Ես հիշում եմ, որ տարիներ առաջ պաշտոնյաներից մեկն ինձ ասում էր, որ ընտրությունները լուսաբանող արևմտյան լրատվամիջոցների մեծ մասը «ցեռեու»-ի հաստիքային գործակալներ են: Իրավիճակը 180 աստիճանով փոխվեց «թավշյա հեղափոխությունից» հետո: Հիմա արդեն իշխանություններն են ներկայացվում որպես արևմտամետ, սորոսական, և, ըստ այդմ, ապազգային, մեր դարավոր ավանդույթներին դեմ գնացող և այլն: Իսկ իշխանությունն իր քարոզչական ապարատի միջոցով հասարակությանը համոզում է, որ ընդդիմադիրներն են ծառայում «օտար ուժերին»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ռուսաստանը: Իրավիճակի նրբությունը նրանում է, որ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա իշխանությունը հնարավորություն չունի ուղիղ տեքստով արտաբերելու այդ «օտար ուժերի» հասցեն (իշխանական քարոզիչներն, իհարկե, դա անում են բացահայտ կերպով): Բանն այն է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն շահագրգռված չէ հարաբերությունները փչացնել ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ առավել ևս Ռուսաստանի հետ: Եվ հենց այդ պատճառով է, որ, օրինակ, հիմա իշխանական պատգամավորները, խարազանելով իրենց ընդդիմախոսներին «օտարներին ծառայելու» մեջ, երբեք Ռուսաստանի անունը չեն տալիս: Իրականում այդ օրակարգն, իմ կարծիքով, կեղծ է. «դրսի ուժերի» ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա ակնհայտորեն չափազանցված է: Իսկ թե ինչու են 30 տարի շարունակ մեր քաղաքական ուժերը ներգրավված այդ «օտար խաղերի» մեջ, հավանաբար, կարելի է գուշակել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր