Հակառակորդի սադրանքների պատճառով ծանր վիրավորված քաղաքացիները տեղափոխվում են Ստեփանակերտ
Արցախի Հանրապետության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով ծանր վիրավորված քաղաքացիները տեղափոխվում են Ստեփանակերտի բժշկական կենտրոններ
[url=https://armenpress.am/arm/news/1029034.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը։
«Այս պահին ԱՀ առողջապահության համակարգն ամբողջությամբ բերված է բարձր պատրաստականության, հիվանդանոցները հնարավորություն ունեն ընդունելու վիրավորներին, և այս պահին ընդունվում են։
Բոլոր բուժաշխատողները, բժիշկներն արդեն կատարում են իրենց առջև դրված բոլոր պարտականությունները։ Շրջաններից ծանր դեպքերը տեղափոխվում են Ստեփանակերտի բուժհաստատություններ»,- նշեց Առաքելյանը։
Նրա խոսքով՝ իրենց գերատեսչության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններն ամբողջությամբ ապահովված են համապատասխան քանակի դեղորայքով, բժշկական նյութերով և այլ անհրաժեշտ պարագաներով։
Առաքելյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում լինելու է աջակցություն ցանկացած դեպքում։