211652_close_icon
views-count943 դիտում article-date 12:14 09-10-2020

Կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու գործընթացը. ՊԵԿ նախագահն ընդունել է Տիմուր Ժակսիլիկովին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և այլ ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման» նախագիծն է։ ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակը հաջողությամբ գործարկելու դեպքում բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կտեղափոխվի էլեկտրոնային միասնական հարթակ, և կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու գործընթացը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում անուղղակի հարկերի հաշվարկման մեխանիզմները։ Այդ նպատակով նախատեսվում է ներդնել հարթակ, որի միջոցով էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտները կստանան Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու և հաշվարկներ ներկայացնելու հնարավորություն։ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ ՊԵԿ-ի և ԵՏՀ-ի համատեղ աշխատանքները: Կոմիտեի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ակտիվ ներգրավել ՊԵԿ փորձագետներին ստեղծվող էլեկտրոնային համակարգերի՝ ԵԱՏՄ-ում ապրանքների հետագծելիության, ինչպես նաև ֆիսկալ մոնիթորինգի նախագծերի աշխատանքային խմբերում։ Հանդիպման արդյունքում, բարձր գնահատելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կիրառվող էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, Տ. Ժակսիլիկովն առաջարկել է քննարկել էլեկտրոնային այդ հարթակում ԵԱՏՄ շրջանակում նոր համակարգերի ստեղծման և փորձարկման հնարավորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ՀՀ ՊԵԿ և ԵՏՀ միջև համագործակցությունը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման համար:

Նմանատիպ նյութեր