114809 դիտում
09:49 13-10-2020
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 32-ամյա վարորդի դին ձորում հայտնված բեռնատարի տակից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով վերամբարձ կռունկ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Արամ Փիլիպոսյանը իր վարած Hovo մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարահի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր առաջ ընթանալով՝ բախվել է քարերին, այնուհետև հողաթմբին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Թ. Ա-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և վարորդի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործվել է վերամբարձ կռունկ, քանի որ և ուղևորի, և վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս։
Վիրավորին ձորից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող Երևանի 4-րդ ենթակայանի թիվ 44 շտապօգնության բրիգադի աշխատակիցները՝ բժիշկ Վախթանգ Կաֆյանի գլխավորությամբ։ Բժիշկը, բուժակն ու վարորդն իրենց ուժերով մեծ դժվարությամբ են վիրավորին դուրս բերել ձորից, որից հետո տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչներ Ռոման Միսակյանի ու Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սամվել Ցուցուլյանը, քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակուն Գրիգորյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։
Փաստի առթիվ Է. Զոհրաբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+