2202 դիտում
09:25 19-11-2020
Մինսկի խմբի ձևաչափի ապագան. Մոսկվայում համանախագահները քննարկել են միջնորդական ջանքերի համակարգման հարցը․ «Ամերիկայի ձայն»
Եռակողմ հրադադարի կնքումից հետո, ՄԽ համանխագահների ձևաչափի ապագան շարունակում է մնալ կարևոր հարցերից մեկը: Հետագա միասնական հնարավոր ջանքերի շուրջ քննարկումներ անցան Մոսկվայում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5668462.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչն այսօր կրկին վերահաստատել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում, ֆրանսիացիների հետ միասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին ԼՂ խաղաղ կարգավորման հարցում: «Մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը: Բացի այդ, այս օրերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոն, ով այցով գտնվում էր Վրաստանում, տեղի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում շնորհակալություն է հայտնել Վրաստանին` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ձևաչափին աջակցելու համար:
Այդ ընթացքում Մոսկվայում ընթացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ: ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ այս հարցով համանախագահների հետ հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ ՌԴ ԱԳՆ, քննարկվել է ԼՂ-ում և նրա շուրջը տիրող իրավիճակը հրադադարի հաստատումից հետո, ինչպես նաև համանախագահող երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցեր:
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը ընդգծում է՝ ակնհայտ է, որ այս հրադադարի գործընթացն առաջնորդում էր Ռուսաստանն ի դեմս իր արտգործնախարար Լավրովի, ով, ըստ նախկին համանախագահի, չափազանց լավ տիրապետում է այս հակամարտությանն ու տարածաշրջանի խնդիրներին:
«Ցավալի է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները փաստորեն դուրս են մնացել այս զարգացումմներից, բայց դեռևս ուշ չէ: Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պետք է երաշխավորի ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև միջազգային հանրությունը, և դա ներառում է ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը»,- կարծում է նա:
Նախկին համանախագահը նշում է, որ կորոնավիրուսի համավարակն ու ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները հանգեցրեցին Վաշինգտոնի ավելի պասիվ դերին: Բացի այդ, մի շարք հանգամանքներ, ներառյալ աշխարհագրական, նպաստեցին Մոսկվայի ակտիվությանը և հրադադարի հաստատմանը: Եթե Մոսկվան դա չաներ, վստահ չեմ, որ հրադադար հաստատվեր, ասում է Ուորլիկը: Այսուհանդերձ նա կարևորում է ապագայում համանախագահների դերն ու ԵԱՀԿ ներգրավվածությունը ԼՂ հարցում:
«Մենք ունենք համաձայնագրի շրջանակ, որի մանրամասները պետք է ճշգրտվեն: Կարևոր է, որ միջազգային հանրությունը շարունակի իր ներգրավվածությունը»,- ասում է նախկին համանախագահը:
Բանակցային նոր գործընթացում անհրաժեշտ է կենտրոնանալ կարգավորման բազմաթիվ դետալների վրա, նշում է Ուորլիկը, որոնցից է հատկապես ԼՂ կարգավիճակը, որի շուրջ պետք է համապարփակ քննարկում անցկացնել: Դեսպանի մատնանշած այլ խնդրրների շարքում են փախստականների, ապառազմականացման, ականազերծման, հրադադարի հայտարարության մեջ նշվող Նախիջևանի միջանցքի հետ կապված բազմաթիվ հարցեր: Նա կարևորում է ենթակառուցվածքների վերականգնումը՝ հիշատակելով իր համանախագահության օրերին ակտիվորեն քննարկվող երկաթուղային կապի վերականգման նախագիծը, որն, ըստ նրա, պետք է քննարկել բանակցային սեղանի շուրջ:
Ամերիկացի նախկին ժամանակավոր համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի կարծիքով էլ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շուրջ դեռևս առկա է անորոշություն:
«Մինսկի խմբի ապագան, այս պահին կարծես կախված է օդում»,- ասում է նա:
Տեղի ունեցած զարգացումներն ու նոր իրավիճակի հաստատումը նրա կարծիքով կտրուկ փոխեցին հակամարտության գոտու պատկերը, սակայն այդպես էլ չկարգավորեցին հակամարտությունը:
«Ցավոք սրտի, ես չեմ կարծում, որ դա կարող է ապահովել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն, քանի որ գոյություն չունի համապարփակ վերջնական կարգավորում ԼՂ-ի կարգավիճակի շուրջ»,- ասում է Հոգլանդը:
Անդրադառնալով Թուրքիայի դերին տարածաշրջանում` նախկին դեսպանը կարծիք է հայտնում, որ Ադրբեջանը կպահպանի իր անկախ դերակատարումը Թուրքիայից, քանի որ հետխորհրդային երկրների համար անկախությունը չափազանց կարևոր արժեք է: Էրդողանին, իհարկե, չի հաջողվի վերականգնել Օսմանյան կայսրությունը, այնպես, ինչպես Պուտինը չի կարող վերականգնել Խորհրդային Միությունը, շեշտում է Հոգլանդը՝ ընդգծելով, որ այսօր տարածաշրջանում առկա են երկու հզոր խաղացողներ, որոնք պայքարում են ազդեցության գոտիների համար: Նա կարծում է, որ Կրեմլի հաշվարկներն ուղղվածն են նրան, որ Թուրքիան չստանա ավելին, քան արդեն ստացել է այս հակամարտությունից:
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
10:05 15-12-2020
ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափի ապագան` ԼՂ հարցում. «Ամերիկայի ձայն»
3891 դիտում
09:13 08-12-2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ․ «Ամերիկայի ձայն»
1577 դիտում
13:36 30-07-2021
Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում. Ռուբեն Սաֆրաստյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»