211652_close_icon
views-count1525 դիտում article-date 10:33 03-12-2020

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը

94 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.theguardian.com/world/2020/dec/02/former-french-president-valery-giscard-destaing-dies-aged-94]The Guardian[/url]-ը։ Դ'Էստենի անվան հիմնադրամից տեղեկացրել են, որ նախկին նախագահի մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանքներն են: Սպասվում է, որ հուղարկավորությանը կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ: Քաղաքական գործչի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Ֆրանսիայի ներկայիս և նախկին նախագահներ Էմանուել Մակրոնը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը: Նոյեմբերի կեսերին հաղորդվել էր, որ Ժիսկար դ'Էստենը հոսպիտալացվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լուար և Շեր շրջանի իր կեցավայրից: Նոյեմբերի 20-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից: Սեպտեմբերին դ'Էստենը արդեն հոսպիտալացվել էր թոքերի վարակի պատճառով: Այդ ժամանակ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս չէին հայտնաբերել և շուտով դուրս էին գրել հիվանդանոցից: Վալերի Ժիսկար դ'Էստենը ծնվել է 1926 թվականին Ֆրանսիայի կողմից բռնազավթված գերմանական Կոբլենց քաղաքում `պաշտոնյայի ընտանիքում: Ավարտել է Բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցը և Կառավարման ազգային դպրոցը: Աշխատել է որպես ֆինանսների նախարար Շառլ դը Գոլի և Ժորժ Պոմպիդուի նախագահության տարիներին, եղել է «Դաշինք հանուն ֆրանսիական ժողովրդավարության» կուսակցության ղեկավարը: 1974 թվականին Պոմպիդուի մահից հետո նախագահական ընտրություններում հաղթել է դ'Էստենը: Նրա օրոք Ֆրանսիան դուրս է եկել Շառլ դը Գոլի արտաքին քաղաքական գծից և սկսել է ՆԱՏՕ վերադառնալու գործընթացը:

Նմանատիպ նյութեր