211652_close_icon
views-count1635 դիտում article-date 23:02 03-12-2020

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Ադրբեջանում հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է իր գրասենյակի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների մասին: Նախագահը նշել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների, հատկապես պատկան մարմինների առաջնային պատասխանատվությունն ու պարտականությունն է ձեռնարկել բոլոր միջոցները, գործի դնել բոլոր կապերը՝ բռնի անազատության մեջ գտնվող, թշնամու կողմից վայրագությունների ենթարկվող և անմարդկային վերաբերմունքի արժանացող մեր հայրենակիցներին անհապաղ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: Նախագահն ասել է, որ կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, ռազմագերիների անհապաղ վերադարձման խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները: Արման Թաթոյանը նշել է, որ կոչով դիմել է նաև միջազգային հանրությանը, և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցներին՝ հրատապ քայլերով աջակցելու խնդրի լուծմանը: Հանդիպմանը հույս է հայտնվել, որ հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց հարցը հնարավորինս արագ կլուծվի, և նրանք կվերադառնան հայրենիք:

Նմանատիպ նյութեր