Արաբկիրցիները նշեցին Սբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 16-ը Արաբկիրի զբոսայգուց դեպի Հրազդանի կիրճ իջնող ճանապարհին գտնվող Սբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրն է:
Մատուռը ստեղծվել է տեղի բնակիչների ջանքերով և հենց նրանք են նաև սրբավայրի խնամատարն ու մշտական ուխտավորը:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտվանից, անկախ ցրտաշունչ եղանակից, մատուռի հավատարիմ ուխտավորները սրբավայրի բակում էին և պատրաստում էին Մատուռի ուխտի օրվա առթիվ մատուցվող մատաղի կերակուրը:
Կեսօրին Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Պարթև քահանա Մուրադյանի հանդիսապետությամբ հնչեց Պահպանիչ աղոթքն ու Տերունական Հայր Մերը:
Տեր Պարթևը ծանոթացավ համայնքի ջանքերով կատարվող նորանոր աշխատանքների ընթացքի հետ, այնուհետև նրա ձեռամբ օրհնվեց Մատադի սիրո ճաշի սեղանը:
Համայնքի անդամները մատաղն ուղարկեցին ոչ միայն համայնքի բնակիչներին, այլև Կանազի զինվորական հոսպիտալում գտնվող, օրեր առաջ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիներին:
Լուսանկարներն ու տեսանյութը` Հայկ Կիսեբլյանի