211652_close_icon
views-count4098 դիտում article-date 21:22 23-12-2020

Մի քանի տասնյակ ադրբեջանցիներ մտան տուն, ասացին՝ եթե 1 ժամ հետո տեսանք այստեղ ես, գերի ենք վերցնում. Որոտանի բնակչուհի

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկն ու տանտերերից պահանջել մեկ ժամվա ընթացքում այն ազատել։ [url=https://news.am/arm/news/620585.html?fbclid=IwAR2unRHccyGYg4fmI2TTxPoOTKdLPY-hWLLfsJD1lm-H3clCj4zMh2ytNQ0]NEWS.am[/url]-ը զրուցել է տանտիրուհու՝ Մանուշակ Պետրոսյանի հետ, որը պնդեց՝ իրենց տունը գտնվում է հայկական տարածքում։ «GPS-ով, դրոններով, ռազմական բեռնատարներով՝ մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորականներ երեկ եկել են մեր տուն, ամուսինս տանը միայնակ է եղել, մտել են տուն ու ասել՝ եթե 1 ժամ հետո եկանք ու տեսանք՝ այստեղ ես, քեզ գերի ենք վերցնում։ Ռուս սահմանապահներից 3 հոգի այդ ժամանակ եկել են, ասել՝ հանգիստ հավաքի իրերդ։ Եկել են 1 ժամ հետո, տեսել են՝ իրերն ենք հանում։ Ինչ կարողացել ենք այդ 1 ժամվա մեջ հասցրել՝ հավաքել ենք»,- պատմեց Մանուշակ Պետրոսյանը։ Նա ասաց, որ իր ամուսինն ադրբեջաներենին տիրապետում է եւ կարողացել է զինվորականներին ասել՝ տունն իր սեփականությունն է. «Ամուսնուս էլ ասել են՝ եթե դուք կարողանաք ապացուցել, ապա եկեք ու ապրեք, բայց մինչեւ ապացուցելը այստեղ ոչ ոք չպետք է լինի»։ Նրա խոսքով՝ տարածքն ինքնին երբեւէ խնդրահարույց չի եղել, եղել է հայկական տարածք, ունի փաստաթղթեր. «Անգամ մի քանի լեզվով ենք թարգմանել տվել, որ տարածքը հայկական է։ Հիմա փաստաթղթերը պատրաստ են, սակայն թույլ չեն տալիս, որ ամուսինս անգամ մոտենա նրանց։ Տարածքը Որոտան գյուղից մի փոքր դեպի Գորիս տանող ճանապարհի վրա է։ Խորհրդային տարիներին էլ որպես հայկական հող՝ բաժանել են ժողովրդին, այդ թվում՝ մեզ։ Ու հիմա հանկարծ պարզվեց, որ ադրբեջանական տարածք է։ Գուցե նրանց գրավել է տունը, որովհետեւ բավականին մեծ տարածք ունի. ոչ միայն տուն է, այլ նաեւ արագ սննդի կետ»։ Կինը պատմեց, որ իրենց 5 անդամից բաղկացած ընտանիքն ապրում է արագ սննդի կետի իրենց ընտանեկան բիզնեսով, հիմա էլ ապրում են իր հայրական տանը։ «Երեկ տեղական ինքնակառավարման մարմիններից մի քանիսը եկան, բայց իրենց ո՞վ հաշվի առավ, ոչ ոք։ Ո՞վ է երաշխավորել, որ այնտեղ ամուսնուս գերի չէին վերցնի, կամ չէին սպանի։ Ինչո՞ւ թուրքը մի սանտիմետր հետ չի գնում, իսկ մենք մեր հայկական տարածքներն են իրենց տալիս։ Եթե մենք իրոք Կառավարություն ունենք, եթե գոյություն ունի այդ Կառավարությունը, ինչո՞ւ չի աշխատում։ Ինչի՞ համար է ժողովուրդն անտեր։ Հասկանում եք՝ ես այլեւս չեմ կարող ապրել։ Ով էլ գա, ինձ երաշխիք չի կարող տալ, դիմացս թուրքն է։ Ո՞նց կարելի է, տեսնել ու լռել. թուրքը որտեղ ուզում, մտնում է, ու դրոշ է դնում, ինչ ուզում՝ անում է։ Կառավարությունը թող մի բան ասի, թող ասի՝ դուրս արի, իրենցն է։ Պարզապես հիմա պետություն չկա։ Էսօր իմ տունն է, վաղը մյուսների տներն են»,- ասաց տանտիրուհին։

Նմանատիպ նյութեր