211652_close_icon

Պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ է ուղարկել ընդհանուր իրավազորություն ունեցող պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ

views-count1195 դիտում article-date 17:48 28-12-2020
Մարդու իրավունքների պաշտպանի ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction): Այդ հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն: Հաղորդումների հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223 ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն վերլուծություններ: 103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվել, և թարգմանություներն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները: Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության: Իրավական ամրագրում է ստացել և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական ցանցերն ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն: Հաղորդումների մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը. 1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություն, 2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք, 3) զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք, 4) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում. 5) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում. 6) հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից: Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում ենք, Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ: Այս հսկայածավալ աշխատանքը կատարվել է Պաշտպանի աշխատակազմի ու փորձագետների ջանքերով: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներ Գուրգեն Պետրոսյանին (Gurgen Petrossian) և Մարիամ Մելքոնյանին (Mariam Melkonyan) աջակցության համար: [b] Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր