211652_close_icon
views-count1665 դիտում article-date 15:23 27-01-2021

ԿԳՄՍՆ-ն փետրվար-մայիս ամիսներին մարզերի, Երևանի և Արցախի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փետրվար-մայիս ամիսներին հանրապետության մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մրցույթը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառման անցկացմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել դպրոցներում առողջարարական և մարզական աշխատանքները, բարելավել աշակերտների շրջանում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ամրապնդել առողջ կենսակերպը, ինչպես նաև դպրոցահասակների համար ստեղծել տարբեր մարզաձևերով զբաղվելու առումով կողմնորոշվելու պայմաններ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 12-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ «Սպորտլանդիա» մրցույթն անցկացվելու է 4 փուլով՝ 1-ին փուլ` հանրակրթական դպրոցներում (փետրվար-մարտ ամիսներին), 2-րդ փուլ` Հայաստանի Հանրապետության համայնքներում, Երևանի վարչական շրջաններում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում (մարտի 10-30-ը), 3-րդ փուլ` ՀՀ մարզերում, Երևանում և Ստեփանակերտում (ապրիլի 10-25-ը), 4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներ` 1-3-րդ դասարանների աշակերտների միջև մայիսի 6-8-ը Գյումրիում, իսկ 4-7-րդ դասարանցիների միջև՝ մայիսի 13-15-ը Վանաձորում: Մրցույթի համայնքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցն անհրաժեշտ է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև մարտի 1-ը: «Սպորտլանդիան» անցկացվելու է ՀՀ մարզերի 41 քաղաքներում (տարածաշրջաններում), Երևանի 10 վարչական շրջաններում (մասնակից դարձնելով բոլոր 12 վարչական շրջաններին) և Արցախի Հանրապետությունում: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարանների աշակերտները: Ներդպրոցական փուլում 1-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվում են առանձին մրցումներ, որոնց արդյունքում ձևավորվում են հավաքական թիմերը․ 1-3-րդ դասարանների թիմի կազմը` 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ (1-ին դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 2-րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ և 3‑րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ), 4-7-րդ դասարանների թիմի կազմը` 5 տղա, 5 աղջիկ, 1 մանկավարժ և 1 ներկայացուցիչ) (4-րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 5-րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ, 6‑րդ դասարան` 1 տղա, 1 աղջիկ և 7-րդ դասարան` 2 տղա, 2 աղջիկ): Մրցույթի անցկացման աշխատանքները համակարգելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը տեղերում որոշելու են կազմակերպիչները (համայնքապետարաններ, մարզպետարաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն)։ Մրցույթի 3-րդ՝ ՀՀ մարզային, Երևանի և ԱՀ Ստեփանակերտ քաղաքի փուլին կմասնակցեն ՀՀ համայնքային փուլում 1-2-րդ, Երևանի 10 վարչական շրջաններից 1-ին և Ստեփանակերտից 1-4-րդ տեղերը գրաված թիմերը, իսկ հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզային, Երևանի և Ստեփանակերտի քաղաքային փուլերում 1-ին տեղը գրաված թիմերը: «Սպորտլանդիայի» 2-րդ փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կարժանանան հավաստագրերի և գավաթների, 3-րդ փուլի մրցանակակիրներին կհատկացվի նաև մարզագույք, իսկ եզրափակիչ փուլի մրցանակակիր դպրոցները կստանան հավաստագրեր, մեդալներ, գավաթներ և դրամական պարգևներ՝ մարզագույք ձեռք բերելու համար։ Մարզագույք կստանան նաև հանրապետական եզրափակիչ փուլի 4-12-րդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցները։ Հայտեր «Սպորտլանդիայի» 2-րդ փուլի մասնակցության հայտերը ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, իսկ 3-րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն: Մրցույթի 1-ին փուլի անցկացման հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ համայնքապետարաններ, Երևանի վարչական շրջաններ և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, 2‑րդ փուլինը՝ ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարություն, իսկ 3-րդ փուլի մրցումների ավարտից հետո՝ 5-օրյա ժամկետում, հաշվետվությունները ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ նշելով միջոցառման համապատասխան փուլերին մասնակցած հանրակրթական դպրոցների և աշակերտների քանակը: Հանրապետական եզրափակիչ փուլի մասնակցության նախնական հայտը ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացվում մինչև 2021 թ. մայիսի 3-ը:

Նմանատիպ նյութեր