211652_close_icon
views-count1449 դիտում article-date 10:20 06-02-2021

ՀՀ Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը և հետագա համատեղ անելիքները: Անկախության տարիներից ի վեր հիմնադրամը մշտապես աջակցել է, մասնավորապես իմունականխարգելման, մանկական տրավմատիզմի, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող ծրագրերին, իսկ վերջին տարվա ընթացքում օժանդակությունն ուղղված է եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:

«Հայաստանի համար շատ կարևոր էր անցյալ տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը, հատկապես` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և Արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը: Հուսով եմ, որ ընթացքի մեջ գտնվող առողջապահական ծրագրերը կյանքի կկոչվեն հնարավորինս առաջիկայում և կօգնեն հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Մարիան Քլարկ-Հաթինգը նշել է, որ հոգեկան առողջությունը գերկարևոր ուղղություններից է` հաշվի առնելով նախորդ տարի ստեղծված իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդությամբ և պատերազմով պայմանավորված:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երեխաների բժշկական օգնության կազմակերպման, կրթության իրավունքի և հոգեկան առողջության խնդիրների լուծման ուղղությամբ` հավելելով, որ այդ հարցերի լուծումն առաջնային է:

Կողմերը խոսել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի, դրանց ձեռքբերման և հասանելիության վերաբերյալ` նշելով, որ տվյալ հարցում համագործակցություն կարող է ծավալվել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:

Նմանատիպ նյութեր