211652_close_icon
views-count1530 դիտում article-date 10:54 11-02-2021

Սկզբունքները պետք է անփոփոխ լինեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Միշտ համոզված եմ եղել, որ անձերի նկատմամբ պետք է լինել հնարավորինս բարյացակամ, նրանց հայացքների հանդեպ՝ հանդուրժող, իսկ ողջունել կամ դատապարտել պետք է միայն երեւույթները: Ինչի՞ վրա պետք է հիմնված լինի երեւույթների հանդեպ բացասական վերաբերմունքը: Պարզ է՝ սկզբունքների վրա, որոնք չեն կարող փոխվել այս կամ կոնյունկտուրային նկատառումներով: Օրինակ, եթե 3 տարի առաջ սխալ էր քաղաքում 100 կիլոմետր-ժամ արագությամբ քշելը, ապա սխալ է նաեւ հիմա, եթե 2000-ականների սկզբին սխալ էր «Ա1+»-ը եթերից զրկելը եւ եթերը «մրցույթով» յուրայիններին տրամադրելը, ապա այժմ դա նույնքան բացասական երեւույթ է: Եթե 10 տարի առաջ դատապարտելի էր ընդդիմախոսների վրա «գործեր սարքելը», ապա ինչո՞ւ հիմա դա պետք է ողջունելի լինի:

Իմ վերաբերմունքը չի փոխվել նաեւ պետական կառույցների վրա հարձակման փաստերի, իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնության եւ բռնության կոչերի հանդեպ: 2018 թվականին Ռադիոտան դուռը ջարդելը եւ բռնությամբ շենք ներխուժելը, իմ տեսանկյունից, դատապարտելի է, եւ, բացի դրանից, Քրեական օրենսգրքի հոդված է: Իշխանությունն այն ժամանակ սխալ էր վարվել, որ այդ հոդվածը չէր կիրառել: Եթե այսօր փողոցում բողոքի ակցիաներ անող որեւէ խումբ նույն ձեւով ներխուժի Ռադիոտուն, ապա ներկա իշխանությունը ճիշտ կանի, եթե օրենքով նախատեսված միջոցներով արձագանքի այդ խմբի գործողություններին:

2016 թվականի հուլիսին իրեն «Սասնա ծռեր» անվանող զինված խումբը հարձակվեց ոստիկանական գնդի վրա եւ երեք ոստիկանի մահվան պատճառ դարձավ: Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, այն ժամանակվա իշխանություններին ատելով, փառաբանում էր բռնությունն ու մարդասպանությունը: Հիշենք, թեկուզ BBC-ի ռեպորտաժը Երեւանի փողոցներից, որտեղ մարդիկ իրենց հիացմունքն էին արտահայտում այդ հանցագործության հանդեպ:

Չեմ կասկածում բրիտանացի լրագրողների անաչառության վրա՝ դա իսկապես մեծամասնության կարծիքն էր: Ես այդ մեծամասնության մեջ չէի:

2018 թվականի հեղափոխությունից հետո ներկա իշխանությունն, առաջնորդվելով իրեն հատուկ պոպուլիզմով, ազատ արձակեց «Սասնա ծռերի» մեծ մասին: Հիմա նույն խմբի ներկայացուցիչները դարձյալ բռնության փորձեր ու կոչեր են անում, իսկ որոշ իշխանավորներ երեսպաշտորեն բացականչում են՝ «ա՜խ, ինչպե՞ս կարելի է»: Բայց անկախ բոլոր հանգամանքներից, ես դարձյալ պնդում եմ, որ կառավարության շենք ուժով ներխուժելու փորձ անողներին քրեորեն հետապնդելը ճիշտ է: Վարչապետի հանդեպ բռնության կոչեր անողների հանդեպ քրգործ հարուցելը նույնպես ճիշտ է:

Ես ոչ այս, ոչ նախորդ, ոչ էլ Հայաստանի կամ աշխարհի որեւէ իշխանության երկրպագուն չեմ: Իշխանությունն, իմ կարծիքով, բոլոր դեպքերում ինքնին տհաճ (բայց, ցավոք, անխուսափելի) երեւույթ է: Խնդիրն այլ տեղ է. մենք պետք է կա՛մ ապրենք պետական օրենքներով, կա՛մ առաջնորդվենք հեղափոխական (կամ «ազգային») նպատակահարմարությամբ:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր