211652_close_icon
views-count4575 դիտում article-date 10:35 15-03-2022

Ալիևի 5 նախապայմանները և Փաշինյանի 6 սկզբունքները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել, եթե Հայաստանը համաձայն է հետեւյալ 5 նախապայմաններին.

– երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում,

– հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում,

– կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան,

– դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

– ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։

Չեմ ուզում երկար մեկնաբանել այդ նախապայմանները, որոնք, որքան հասկանում եմ, այսօր պաշտոնական Երեւանի համար սկզբունքորեն ընդունելի են: Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի Հայաստանը բանակցություններ կազմակերպելու համար դիմեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը: ԱԳՆ-ի՝ նախապայմաններին պատասխանի մեջ, համենայնդեպս, չկա հիշատակում այն մասին, որ Բաքվի նախապայմաններն անընդունելի են:

Չեմ ուզում նաեւ քննարկել, թե ինչ է նշանակում «տարածքային ամբողջականության ճանաչում», ինչպես է  դա անդրադառնալու Արցախում ապրող մեր հայրենակիցների եւ ռուսաստանյան խաղաղապահների վրա եւ ինչպես է իրականացվելու «դելիմիտացիան եւ դեմարկացիան», երբ ադրբեջանական ստորաբաժանումները մեր ինքնիշխան տարածքում են: Առաջարկում եմ պարզապես համեմատել այս 5 պահանջները 2020 թվականի փետրվարի 16-ին (պատերազմից 7 ամիս առաջ) վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակած «մյունխենյան 6 սկզբունքների հետ»:

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»:

Ուշադրություն դարձրեք, որ այս սկզբունքներում ոչ մի բառ չկա այն մասին, որ 2016 թվականին «դիվանագիտական աղետ» է տեղի ունեցել, ամեն ինչ «արդեն հանձնված է», եւ որ հայկական բանակն ամբողջությամբ թալանված է ու չի կարող Ադրբեջանին դիմադրել: Կա՛մ վարչապետը դրա մասին չգիտեր, կա՛մ չէր ուզում ասել: Իսկ գուցե` նման բան չկար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր