211652_close_icon
views-count4262 դիտում article-date 15:18 18-03-2021

Ատոմակայանը 141 օրով կկանգնի մայիսից. վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ն ակնկալում է 10 տարվա արտոնագիր ստանալ

Հայկական ատոմային էլեկտրակայանը, որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով, 141 օրով կկանգնի մայիսի 15-ից. 2021-ին վերանորոգման աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը պետք է նոր լիցենզիա ստանա կարգավորող մարմնից: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման շրջանակում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Նա հիշեցրեց ռուսական վարկի շնորհիվ գործող բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մասին: «Այդ պահին՝ 2015-2016թթ. 10 տարվա հեռանկարով է եղել դա, այսինքն՝ 2026-ին գործող բլոկն արդեն 40 տարի շահագործման մեջ կլինի: Եվ հաշվի առնելով մյուս երկրների նմանատիպ բլոկների փորձը, մենք պատրաստվում ենք ևս 10 տարով շարունակել շահագործման ժամկետի երկարացումը: Այսինքն՝ 2026-ից հետո, իհարկե համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում շարունակել կայանի շահագործումը»,-ասաց Վարդանյանը:

Նա 2021-ի նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը համարեց ամենաբարդերից մեկը՝ աշխատանքների կազմակերպման առումով: «Պատրաստվում է բլոկի աշխատանքը մայիսի 15-ից 141 օրով դադարեցնել, որի ժամանակ կկատարենք անվտանգության բարձրացման միջոցառումներից մի քանի կարևոր կետեր և իհարկե ռեակտորի իրանի թրծման աշխատանքներ»,-ասաց նա:

Վարդանյանի վստահեցմամբ՝ այս պահին էլ իրանի թրծման աշխատանքների նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են, թրծումը կատարող ընկերության ղեկավարությունը Հայաստանում է, քննարկում են աշխատանքների կազմակերպման մասը:

«2021-ին վերանորոգման աշխատանքից հետո մենք պետք է նոր լիցենզիա ստանանք ՀՀ կարգավորող մարմնից, առայժմ ըստ օրենքի՝ 10 տարով, բայց իհարկե հիմնավորումն ապահովելու դեպքում մինչև 2026-ը»,-նշեց Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր