211652_close_icon
views-count2772 դիտում article-date 23:32 24-03-2021

Դատավոր Մհեր Պետրոսյանին ճնշելու գործը վստահված է եղել ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետին. նոր մանրամասներ. «Փաստինֆո». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանին վերահսկելու, ճնշելու գործը հանձնարարվել է ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետ Հրայր Ավետիսյանին։ Եւ հենց նա է մարտի 17-ին այցելել վարչական դատարան՝ հանդիպելու դատավորին, ում հրաժարվել էր ընդունել Մ.Պետրոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական տեղեկատվական համակարգում ներբեռնվելուց հետո ԱԱԾ երկու աշխատակից շտապել են վարչական դատարան՝ փորձելով հանդիպել դատավորի հետ՝ մինչ նա կհասցներ քննության առարկա դարձնել հայցի ապահովման միջնորդությունը։ Դատավորը հրաժարվել էր ընդունել ԱԱԾ աշխատակիցներին։
 

Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել  ԲԴԽ -ին։ «Փաստինֆո»-ին հաջողվեց կապ հաստատել դատավոր Մհեր Պետրոսյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակցներն իրոք այցելել են  դատարան եւ ցանկացել հանդիպել իր հետ, ինչը ինքը մերժել է։

«Այո, նման այց եղել է, ես նրանց հետ չեմ հանդիպել առհասարակ, հրաժարվել եմ հանդիպումից՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում հանդիպումը կազմակերպել միայն ԲԴԽ միջոցով և անմիջապես տեղյակ եմ պահել ԲԴԽ-ին»,- նշել է դատավորը եւ ավելացրել, որ ԱԱԾ աշխատակիցների այցելությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արդեն հայտնի գործով կայացրել էր  հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը եւ այն տեղադրվել էր դատական համակարգի ծրագրում։ Միաժամանակ նա հաստատել է  մեր այն տեղեկությունը, որ այցը եղել է նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը։

Ինչ վերաբերում է ԲԴԽ արձագանքին, դատավոր Պետրոսյանը նշեց, որ այդ դեպքի հետ կապված ԲԴԽ-ին բավականին շնորհակալ է, նախ՝ մինչև այդ, երբ առավոտյան արդեն նման լուրեր են շրջանառվել, իրեն զանգել են, հետաքրքրվել, իսկ դրանից հետո տեղեկացրել են, որ ԲԴԽ բոլոր անդամները տեղյակ են և հարկ լինելու դեպքում,  համապատասխան օրենքով սահմանված լծակների կիրառմամբ, իրենց լիազորությունները կիրականացնեն։ «Բայց բանը դրան չհասավ»,- ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումները մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որը վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումներից մեկը և բավարարել դրա շրջանակներում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Լուսանկարում՝ դատավորին այցելած ԱԱԾ պաշտոնյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր