211652_close_icon
views-count1656 դիտում article-date 10:22 25-03-2021

Արդյո՞ք իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.«Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։ Թվում է, թե այս օրերին ողջ երկիրը պետք է ապրեր Արցախյան հիմնախնդրի շուրջ անհանգստությունից ելնելով, բայց դրա փոխարեն, փաստը մնում է փաստ, որ եթե որևէ քաղաքացի այլընտրանքային կարծիք է արտահայտում, ապա շատ արագ հայտնվում է իշխանական քարոզչամեքենայի հարձակման թիրախում։ Իշխանությունները ամեն մի երկրորդական հարցից խոսում են, քննարկումներ են ծավալում, բայց դրա մեջ չի մտնում Արցախը։

Տպավորություն է, որ իշխանությունները միտումնավոր կերպով փորձում են խուսափել Արցախյան հիմնահարցի դետալներին անդրադառնալուց։ Ալիևը պարբերաբար հոխորտում է և հայտարարում, թե Արցախյան հարցն արդեն լուծվել և պատմական անցյալում է մնացել, իսկ մեր «քայլողների» կողմից որևէ արձագանք չկա։ Լեզուները կուլ են տվել: Այն դեպքում, երբ ներքին դաշտում արձագանքում են ամեն փոքր դետալի, ավելին՝ իրենց իրավունք են պահում նույնիսկ հոխորտալ: Ինչևէ, արձանագրենք, որ Արցախի հարցով ՀՀ իշխանությունները, երկրի ղեկավարի գլխավորությամբ, ուղղակի լռության ուխտ են պահում։ Միայն Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ Փաշինյանը իբր խախտեց լռությունը և փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այդքան զոհեր ունեցանք։

«Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ այսօր մենք Ադրբեջանին կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»,- նշեց նա։ Այլ հարց է, որ այս հայտարարությունը պարզապես խայտառակություն էր: Մյուս կողմից՝ միայն օդի մեջ հայտարարելով, թե դեռևս Արցախի հարցը լուծված չէ, ոչինչ չի փոխվելու, արտահերթ քայլեր են անհրաժեշտ առաջին հերթին Արցախին սատարելու ու սուբյեկտայնությունն ընդգծելու հարցում։ Թե չէ, փորձելով տեղի ունեցածում ամեն անգամ նախկիններին մեղադրել ու դրանով սահմանափակվել՝ Փաշինյանը ուղղակի ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Հայաստանը նախևառաջ միջազգային հարթակում պետք է բարձրացնի Արցախի կարգավիճակի հարցը, սահմանի իր կարմիր գծերը, միջազգային հանրությանը ցույց տա Ադրբեջանի ագրեսիայի և արցախահայության նկատմամբ գործված հանցագործությունների հետևանքները, որոնց միջոցով արցախահայությունը զրկվել է կենսագործունեություն ծավալելու անհրաժեշտ կենսատարածքից ու հնարավորություններից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր