211652_close_icon
views-count1423 դիտում article-date 18:50 25-03-2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է հերթական լիագումար նիստը

Մարտի 25-ին  տեղի է ունեցել ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստը:

Խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը ,որից հետո անցել պարտադիր քննարկման հարցերին:

Այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին հարցն էր:

ՄԻՊ պաշտոնում ԱԺ-ին «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը առաջադրել է ԱՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը: «ԱԺ կանոնակարգ» օրենքի  համաձայն՝ ԱԺ պետական- իրավական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է 3 կողմ,1 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը թեկնածուի օգտին:

Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու պարագայում իր անելիքների մասին՝  ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանը առանձացրել է իր գուրծունեության երկու հիմնական ուղղություն՝ ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարդու իրավունքների և ազատությունների պահպանումը, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը և  ՀՀ ՄԻՊ, սփյուռքահայ կառույցների և միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ համագործակցությունը: «ԱՀ ՄԻՊ պաշտոնում իմ թեկնածությունը համարում եմ ցուցաբերած բարձր վստահություն և ձեր կողմից ընտրվելու դեպքում ինձ վրա դրված մեծ պատասխանատվության և պարտավորության չափաբաժին, որը պատշաճ կերպով չիրականացնելու իրավունքը չունեմ»,-իր խոսքն ամփոփել է ՄԻՊ թեկնածուն:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 22 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ  ՄԻՊ պաշտոնում ընտրվել է Գեղամ Գարիի Ստեփանյանը:

Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու հարցը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Աժ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Հաշվեքննիչ պալատի անդամի համար առաջադրված Հրայր Մարգարյանի թեկնածության օգտին:

Թեկնածուն հավաստիացրեց, որ ընտրվելու դեպքում գործունեությունը կծառայեցնի պետական և համայնքային բյուջեների ֆինանսական միջոցների օգտագործման օրինականության պահպանմանը:
Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ 24 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ 6 տարի լիազորություոնների ժամկետով Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվել Հրայր Կառլենի Մարգարյանը:

Ընդմիջուից հետո քննարկման են ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթները:
Անցնելով  օրենսդրական նախաձեռնություններին՝ խորհրդարանը քննարկել և 2-րդ ընթերցմամբ 29 կողմ ձայնով ընդունել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի ներկայացրած «Միջազգային պայմանագրերի մասին» օրինագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով: 

Պաշտպանության, անվտանգությանև օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը,առաջարկել է օրինափաթեթն ընդունել որպես օրենք:

28 կողմ ձայնով ընդունվեց  օրինագծերի փաթեթը:
 «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի  մասին» ,«Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը գլխադասային հանձնաժողովի կողմից նույնպես հավանության էր արժանացել: Հաշվիչ հանձնախմբի ներկայացրած արդյունքներով՝  խորհրդարանը 31 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքների նախագծերի փաթեթը:

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում    լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Կանոնակարգային ընթացակարգերով նախատեսված քննարկումներից հետո խորհրդարանը 30 կողմ ձայնով  ընդունել է ներկայացրած օրենքների նախագծերը:

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Հեռուստատեսության  և ռադիոյի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներին փաթեթը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել գիտության,կրթության, սպորտի, երիտասարդության, մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինափաթեթի վերաբերյալ ներկայացրել է գիտության,կրթության, սպորտի, երիտասարդության, մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գոհար Սարգսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթը 27 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է  խորհրդարանի կողմից:

Նիստը ամփոփվել է պատգամավորական հայտարարություններով: Հայտարարություններով հանդես են եկել «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը, ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը և ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
 
 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 
լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր