211652_close_icon
views-count3403 դիտում article-date 22:17 28-03-2021

Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է

«ԹԵԿՈՒԶ ՄԻ ՔԻՉ ԵՐԿԱՐ, ԲԱՅՑ ԱՇՈՏԻ ՄԱՍԻՆ
Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։
Ու ցավոք, լրահոսերը հեղեղված չեն Աշոտ Նավասարդյանով։ Ցավոք», իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս Արայիկ Մանուկյանը:

«Հիմա նայում եմ այս լուսանկարին ու բազո՜ւմ հիշողություններ են առաջ գալիս։ Որքա՜ն զրույցներ են տեղի ունեցել «Մելիք-Ադամյանի» այս պատուհանագոգերի մոտ։

Աշոտի նման մարդիկ այսօր քաղաքականությունում չկան։ Սա շատ տխուր իրողություն է, բայց՝ փաստ է։ Քաղաքականությունում այսօր Աշոտի նման մարդիկ չկան։

Քաղաքականությունում այսօր անկեղծություն չկա։

Քաղաքականությունում այսօր երկրի մեջքին պինդ կանգնած տղերք չկան։

Ասեմ՝ գրեթե չկան, որ չբացարձակեցնեմ։

Այլատեսակ ի՜նչ տարակարծություններ ունեին Վազգենի հետ, բայց ի՜նչ սիրով ու հարգանքով կարող էին կռվել, վիճել, տալ, առնել, նեղանալ, խռովել, բարիշել։

Աշոտը շա՜տ հախուռն էր։ Վազգենն էլ պակասը չէր։ Աշոտը կարող էր շա՜տ կոշտ ելույթ ունենալ հանրահավաքում, Գերագույն խորհրդի ամբիոնից։ Թվացյալ՝ կարող էր նույնիսկ վիրավորել։ Հետո կարող էր իջնել հարթակից կամ ամբիոնից, իր ամաչկոտ ժպիտով նայել ու երեխայավարի հարցնել․ «հո շատ կոպիտ չխոսեցի՞։ Լավ արեցի։ Բա ինչի՞ են իրենք էդպես ասում»։

Ու հետո կմոտենար նրան, ում դիմել էր հարթակից կամ ամբիոնից՝ նախագահին, վարչապետին, նախարարին, գործընկերոջն ու կփորձեր խոսակցությունը շարունակել՝ էլի երեխայի նման, որ գիտակցել է իր արած «չարությունը»։ Ու սա միայն խոսում էր Աշոտի տեսակի մասին։
Կարող էր իր հախուռնությանը շա՜տ համարժեք առաջարկ անել՝ ասենք հենց էդ պահին զորահավաք անենլ, զենքերը վերցնել, գնալ, ենթադրենք, ազատագրել Ղարսն ու․․․ հետո կարող էր էլի իր չարաճճի ժպիտով ասել․ «լավ ասեցի, չէ՞»՝ հստակ գիտակցելով, որ ոգևորում է, անկախացնում մարդուն իր ներսի ստրուկից, հայրենիքի տեղ ցույց տալիս ու հայրենիք սիրելու օրինակ։

Բուռն վեճից հետո կարող էր խռովել երեխայի նման, թողնել-հեռանալ, հետո վերադառնալ ու գործի լծվել՝ հինգ րոպե առաջ կատարվածը հիմնովին մոռացած։

Շա՜տ միամիտ կարող էին թվալ Աշոտի առաջարկները, պնդումները։ Անկախության հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ էր, կարծեմ, որ առաջարկեց՝ չգրել, թե Հայաստանն ուզում է դառնալ ժողովրդավարական պետություն։ Կարծեմ ասում էր՝ գրենք, որ Հայաստանում կարող է նաև դիկտատուրա լինել։

Այո, միամիտ էր պահանջը, շա՜տ միամիտ։ Միամիտ էր, որովհետև մաքուր էր՝ թե մտահոգությունը, թե անկեղծությունը, թե Աշոտի պատկերացրած քաղաքականությունը։

Երջանիկ եմ, որ տեսել եմ Աշոտին Անկախության հռչակագրի քննարկման բուռն օրերին, Երասխավանի կռիվների օրերին, անկախության բանակի կազմավորման օրերին, պաշտպանության առաջին հանձնաժողովի նիստերի օրերին ու ընդհանրապես այն օրերին, երբ ստեղծվում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ծանր, դժվար, հերոսական, ոգեղեն։
Այսօր, կարծես պետական-արարողակարգային կարմիր վարդեր չխոնարհվեցին Աշոտ Նավասարդյանի շիրիմին։ Պետության հիմնադրման ակունքներում, բանակի հիմնադրման ակունքներում, պետականության կայացման ակունքներում, կուսակցաշինության ակունքներում կանգնած, ՀՀԿ հիմնադիր, պետական, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի շիրիմին։

Չխոնարհվեցին, որովհետև քաղաքականությունում Աշոտ Նավասարդյանի նման մարդիկ չկան այսօր։
Անկախականներ, այո, շատ կան։ Անկախականությունը սեփականաշնորհած անկախականներ։ Անկախականության բիզնեսի անկախականներ։ Անկախականության առևտրի անկախականներ՝ անկախ՝ բարոյականությունից, հիշողությունից, մարդաբանական կերպից․․․

Աշոտից անկախական չլինեք՝ անկախական ոգով, գաղափարով, մտքով, տեսակով, կերպով։ Պետության մեջքին կանգնած։ Պետություն կերտողների հետ՝ նույն ճանապարհով, անկախ իր տարակարծություններից, անանձնական շահով», գրել է հրապարակախոսը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր