211652_close_icon
views-count1331 դիտում article-date 14:25 23-04-2021

Քննարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման թեմայով հրավիրված աշխատաժողովին։

ՀՀ ՏԿԵ-ն տեղեկացնում է, որ նշված ծրագիրը ներդրվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Մասնակցում էին նաև ՏԿԵ նախարարության‚ Համաշխարհային բանկի‚ Ճանապարհային ոստիկանության‚ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են արևելյան գործընկերության տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրական տվյալներ‚ քննարկվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տվյալների հավաքագրման ու մշակման եվրոպական երկրների փորձը‚ անդրադարձ է եղել վթարավտանգ ճանապարհահատվածների կառավարման գործիքներին։ Կարևորվել է Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր բազա ունենալու հարցը։

Նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է‚ որ ՀՀ-ն միացել է ԵՄ դիրեկտիվներին՝ կապված ճանապարհային անվտանգության համակարգերի ներդրման և ինտեգրման հետ։

«Այս կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ‚ որը լիարժեքորեն պետք է արտացոլի ԵՄ դիրեկտիվների պահանջները՝ կապված ճանապարհային անվտանգության հետ։ Այս ամենի համատեքստում շատ կարևոր է լինելու տվյալների հավաքագրման համակարգի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Խնդիրը կառավարության ուշադրության ներքո է‚ ճանապարհային անվտանգությունը ճանապարհային ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է‚ և ես լիահույս եմ‚ որ մենք այս ուղղությամբ մեծ առաջընթաց կարձանագրենք՝ հիմնելով կենսունակ համակարգ և համապատասխանեցնելով այն նոր մոտեցումներին»‚- ասել է Քրիստինե Ղալեչյանը։

Ամփոփելով աշխատաժողովը՝ նշվել է‚ որ տվյալների հավաքագրման գործընթացը պետք է կատարվի ճանապարհային անվտանգության խնդիրների հետ առնչություն ունեցող բոլոր գերատեսչությունների համագործակցությամբ՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար։ Նոր համակարգը կբարելավի ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների վերլուծությունը‚ ինչն էլ հնարավորություն կտա հետագայում կանխարգելել պատահարները։

Նմանատիպ նյութեր