211652_close_icon
views-count2463 դիտում article-date 09:13 11-05-2021

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո. «Ամերիկայի ձայն»

Արևմտյան վերլուծաբանները քննարկում են նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության հետևանքներն ու պատճառները։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին հավասարակշված և ծանրակշիռ է, կարծում է վերլուծաբան Թոմաս դե Վաալը, ում կարծիքով Հայոց ցեղասպանությունը առաջին աշխարհամարտի ամենադաժան էջերից է: Նախագահ Բայդենը իր հայտարաության մեջ կոչ է անում հաշտեցման և երկխոսության, հիշեցնում է վերլուծաբանը:

«Հայտարարության հնչերանգն ու միտքը նրանում է, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել անցյալում, և որ ՛՛ցեղասպանություն՛՛ եզրի կիրառումը չի ունենա իրավական որևէ հետևանք, ինչից վախենում են թուրքերը»,- նշում է դե Վաալը:

Նա նկատում է, որ չնայած թուրքական կողմից հնչեցին մի շարք կոշտ հայտարարություններ ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն չեղան զանգվածային ակցիաներ, բողոքի ցույցեր, հարձակումներ հայերի ու ամերիկացիների դեմ:

Նրա կարծիքով հայտարարության հարցում կարևոր դեր է խաղացել թուրք-ամերիկյան այսօրվա հարաբերությունների խնդրահարույց բնույթը, իսկ նախագահ Բայդենը չի ակնկալում դրանց շուտափույթ բարելավում: Նա հիշեցնում է՝ տասնամյակներ ի վեր ամերիկյան նախագահական թեկնածուները հնչեցրել են Հայոց ցեղասպանության ճանաչման խոստումը, որը, սակայն, մշտապես դրժվել են՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորության պատճառով:

«Այսօր սակայն այլ իրավիճակ է, երբ առկա են բազմաթիվ տարաձայնույթյուններ Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ նախագահ Բայդենը գտավ, որ թուրքական գործոնն այլևս այդքան կարևոր չէ, ուստի անհրաժեշտ է իրերը կոչել իր անունով»,- ասում է դե Վաալը:

Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին ևս կարծում է, որ նախագահ Բայդենի հայտարարությունը չի պարունակում մեղադրանք Անկարայի հասցեին, այլ կենտրոնացած է անցյալի վրա:

«Հայտարարությունը շատ հատուկ էր, որ մենք ոչ մեկին չենք մեղադրում: «Թուրքիա» կամ «թուրք» բառեր այստեղ չկան: Այն ավելի շուտ կենտրոնացած է անցյալի վրա՝ հարյուր վեց տարի առաջ՝ 1915 թ.-ի: Բայդենը կատարեց խոստումը իր ընտրողների առջև, ովքեր հորդորել էին նրան դա անել»,- ասում է նախկին դեսպանը:

Ջեֆրիի կարծիքով՝ Բայդենի վարչակազմը դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել, թե ինչպիսի հարաբերություններ է կառուցելու Անկարայի հետ և ինչպես են կարգավորվելու տարաձայնությունները: Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը շեշտում է, որ ԱՄՆ ու Թուրքիան այսօր էլ շարունակում են համագործակցել շատ ու շատ հարցերում, ներառյալ Աֆղանստանում, Սիրիայում, ՆԱՏՕ-ի շրջանակում, սակայն երեք հիմնական տարաձայնությունները խաթարում են հարաբերությունների ողջ ընթացքը: Ռուսական Ս400 հրթիռների, Սիրիայում քրդական զորամիավորումների ու ԱՄՆ-ում ապաստարան գտած հոգևորոկան Ֆաթուլահ Գյուլենի հետ կապված հարցերը բացասաբար են անդրադառնում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, գտնում է նա:

Իր հերթին վերլուծաբան Մայքլ Ռուբինը ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ևս զգալի տեղ է տալիս Վաշինգտոնի ու Անկարայի միջև լարված հարաբերություններին:

«Եղել են ժամանակներ, երբ զգալի թվով կոնգրեսականներ և դիվանագետներ հակառակն էին պնդում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման անհրաժեշտության մասին: Նրանց փաստարկը հիմննված էր ռեալիզմի վրա, որ ԱՄՆ զգում է Թուրքիայի կարիքը, այն վճռորոշ տարր է ՆԱՏՕ-ի շրջանակում, և եթե ԱՄՆ ճանաչի ցեղասպանությունը, դա կարող է մղել Թուրքիային Ռուսաստանի գիրկը: Այս փաստարկը սակայն չեղակվեց այն պատճառով, որ վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիան իրեն չափազանց վատ է դրսևորել»,- ասում է նա:

Ռուբինը շեշտում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել էին դեռևս նախքան Հայոց ցեղասպանության ճանաչումը, ուստի նա լավատես չէ հետագա հարաբերությունների զարգացման հարցում: Բայդենը փորձառու է, մեծ փորձ է կուտակել դեռևս Սենատում իր եղած տարիներին, ուստի լիովին հասկանում է, թե ինչպիսին է այսօրվա Թուրքիան ու ինչ քաղաքականություն է վարում այս երկրի ղեկավարը, շեշտում է Ռուբինը:

«Բայդենը լիովին ընկալում է խնդիրների խորությունը Թուրքիայի հարցում, ուստի մեղմ հռետորաբանություն այլևս չի կիրառվի ՝ դրանք կարգավորելու համար: Ես ակնկալում եմ, որ այս խնդիրները և վստահության պակասը կշարունակեն խարխլել ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները»,- ասում է Ռուբինը:

Ռուբինը գտնում է, որ ցեղասպանության նման հստակ ճանաչումն ԱՄՆ -ի նախագահի կողմից ոչ միայն ազատ արձագեց ամերիկյան քաղաքականության, այլ նաև Երևանի ձեռքերը, որն այժմ կարող է բարձրացնել երկկողմ հարաբներությունների հետ առնչվող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր