211652_close_icon
views-count1715 դիտում article-date 12:35 18-05-2021

Գնաճը տարեվերջից սկսած կնվազի և կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին. ԿԲ նախագահ

Գնաճային միտումները կրում են ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ, գնաճը տարեվերջից սկսած կնվազի ու կմոտենա ԿԲ նպատակային 4 տոկոս ցուցանիշին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

«Նախորդ տարեվերջից սկսած ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արագացում: Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով: Ուստի, այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ և տարեվերջից սկսված կնվազի ու կմոտենա մեր նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- ասել է Գալստյանը:

Նա հավելել է, որ չնայած գնաճի և գնաճային սպասումների որոշակի ավելացմանը, դրանք, նաև Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում, գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են: Սակայն, դրան զուգահեռ, ԿԲ հարցումների համաձայն՝ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ինչը կարող է գնաճային սպասումների ապագա արագացման ռիսկեր առաջացնել: Ուստի ԿԲ դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը:

2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, այս պարագայում  12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%

2021թ. մայիսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էր բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0 տոկոս:

Նմանատիպ նյութեր