211652_close_icon
views-count1956 դիտում article-date 14:03 18-06-2021

ՀՀ ՊԵԿ և Իրանի մաքսային ծառայության պատվիրակությունները հանդիպել են Նորդուզ սահմանային անցակետում. Օրակարգում  Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև օպերատիվ կապի ստեղծումն է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ:
        
Օրակարգում  եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: Դիտարկվել է նաև երկու երկրների միջև ծագող խնդիրների արագ, արդյունավետ լուծման մեխանիզմների և հարթակների ստեղծման հարցը:
     
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:
      
Հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է՝ երկու գործընկեր կառույցների մասնագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը:
     
Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ  լուծումներ տալու նպատակով:
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Նմանատիպ նյութեր