211652_close_icon
views-count2176 դիտում article-date 10:54 10-07-2021

Բայց ո՞վ ասաց, որ մեր քաղաքացիների մեծ մասին պետք է պետությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ընտրություններից հետո մեր հասարակության մասին քաղաքական դիսկուրսը բաղկացած է երկու ծայրահեղություններից: Իշխանությունը, նրա քարոզիչներն ու երկրպագուներն ասում են, որ ժողովուրդն արտահայտել է իր կամքը՝ «չոքցնելով» ու «կզցնելով» բոլոր նախկիններին եւ նրանց «սպասարկուներին», այդ թվում՝ տխմար մտավորականությանը:

Ընդդիմության կողմնակիցներն էլ ասում են, որ «ժեխը», «պլեբսը» եւ մոլորված «զոմբիները» խաղում են երկրի ճակատագրի հետ: Երկու կողմից հնչող վիրավորական պիտակները մեզ ոչ մի սանտիմետր չեն մոտեցնում իրականության ադեկվատ ընկալմանը:

Բոլոր մտորումներն, ի վերջո, կենտրոնանում են Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ըստ որի, նա ժողովրդին փրկած, «նախկիններից» ազատագրած, կոռուպցիան հաղթահարած եւ արդարություն հաստատած Սասունցի Դավիթն է: Կամ էլ հակառակը՝ դավաճան է, կապիտուլյանտ, որը միտումնավոր կործանեց երկիրը:

Երկու դատողություններն էլ իմ կարծիքով, սխալ են: Երկրի ղեկավարի անհատական հատկանիշներն, իհարկե, կարեւոր են. վարչապետի ներկայիս պաշտոնակատարը անպատասխանատու, անկանխատեսելի, անհավասարակշիռ գործիչ է, որն իր ոչ կոմպետենտ ղեկավարությամբ պետությունը հասցրել է կոլապսին մոտ վիճակի:

Բայց, բացի անհատական բնութագրումներից եւ, բնականաբար, դավադրության («սորոսական») տեսություններից դուրս, կան նաեւ օբյեկտիվ օրինաչափություններ: Դրանք գնահատելու համար պետք է ընդունել երկու իրողություն. 1/ 2018 թվականին Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կողմ էր հեղափոխությանը, 2/ 2021 թվականին ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը կողմ էր քվեարկել Փաշինյանին:

«Ժողովրդին խաբել են», «ընտրությունները կեղծվել են», «ես 18-ին փողոց չեմ փակել», «ես Նիկոլին ձայն չեմ տվել» տիպի արդարացումները գուցե հարմարավետ իրավիճակ են ստեղծում «արդարացողի» համար, բայց չեն կարող չեղարկել օբյեկտիվ օրինաչափությունները:

Մյուս կողմից էլ եկեք ձեւ չանենք, որ ոչ մի վատ բան չի պատահել: Հարեւան երկրի զինծառայողները ոչ մի ռազմական խոչընդոտ չունեն առաջ շարժվելու Տավուշի եւ Սյունիքի մարզերում. նրանց ախորժակներն առայժմ սահմանափակում է Ռուսաստանը: Արցախում էլ մենք որեւէ լծակներ չունենք ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը՝ այդ գործառույթը նույնպես ամբողջությամբ փոխանցվել է ռուս խաղաղապահներին:

Արտգործնախարարության, այսինքն՝ բանակից հետո կարեւորությամբ երկրորդ գերատեսչության գործունեությունը պարալիզացված է: Պուտինը, Ալիեւը եւ Էրդողանը որոշումներ են ընդունում Հայաստանի վերաբերյալ, որոնց մասին ժամանակ առ ժամանակ ՌԴ նախագահը տեղյակ է պահում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին: Այս պայմաններում ասել, որ ամեն ինչ լավ է, տնտեսական ակտիվությունն ավելացել է եւ պարեկային ծառայություն է ստեղծվել՝ իրականությունից հեռու արձանագրումներ են:

Բայց ո՞վ ասաց, որ մեր քաղաքացիների մեծ մասին պետք է պետությունը՝ իր օրենքներով, եւ Արցախը՝ այնտեղ դեռեւս ապրող հայերով: Այդ մեծամասնությանը ինչ-որ ուրիշ բաներ են պետք: Պետք է հասկանալ, թե ինչ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր