211652_close_icon
views-count2057 դիտում article-date 10:51 14-07-2021

Զվարճալի է հետևել, թե ինչպես են «նախկինները» ՍԴ-ում կռիվ տալիս այն համակարգի դեմ, որն իրենք են ստեղծել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սահմանադրական դատարանում ընտրությունների հերթական վիճարկումը այս անգամ ունի երեք առանձնահատկություն.

1/ Հայցվորների իրավաբանների թիմը ավելի ուժեղ է, քան պատասխանողներինը, նրանց ելույթները տրամաբանության տեսանկյունից ավելի լավ են կառուցված:
2/ Առաջ ՍԴ բոլոր դատավորները իշխանություն կողմից էին, հիմա առնվազն երկուսը ակնհայտորեն համակրում են դիմումատուներին:
3/ Վիճարկողների մեղադրանքների մեխը վարչապետի պաշտոնակատարի «հյութեղ» արտահայտություններն են, որոնք հարիր չեն ոչ միայն պետության ղեկավարին, այլեւ ցանկացած դաստիարակված մարդուն:

Բայց թե որքանո՞վ այդ հռետարաբանությունը կարող է հիմք դառնալ ընտրությունների արդյունքները չեղարկելու համար՝ չեմ պատկերացնում: Ինձ թվում է, հայհոյանքներն ու սպառնալիքները բնութագրում են վարչապետի պաշտոնակատարի կուլտուրայի մակարդակը, ղեկավարման ոճը, գուցե Հայաստանում ստեղծված քաղաքական մթնոլորտը, ռեժիմը, բայց ոչ՝ ընտրությունների օրինականությունը:

Բայց դա, բնականաբար, չի նշանակում, որ ընտրություններն անցել են կատարյալ ժողովրդավարության պայմաններում: Փաշինյանը վերարտադրվելու համար օգտագործել է այն «գործիքները», որոնք ստեղծել էին «նախկինները»՝ իրե՛նց վերարտադրվելու համար՝ վարչական ռեսուրս, բանակի քվեարկություն, «տասովշիկներ»: Հանուն արդարության նշենք, որ հիշյալ «գործիքները» այս ընտրություններում որոշիչ դեր չէին խաղում, իսկ ընդդիմադիր ուժերից մի քանիսը սահմանափակ մասշտաբով փորձում էին կիրառել իրե՛նց «ավանդական» միջոցը՝ ընտրակաշառքը: Ինչ խոսք, զվարճալի է հետեւել, թե ինչպես են «նախկինները» Սահմանադրական դատարանում կռիվ տալիս այն համակարգի դեմ, որն իրենք են ստեղծել:

Բայց, մյուս կողմից, ՍԴ քննարկումներից միանշանակ հետեւություն անել, որ պետք է անհապաղ փոխել սահմանադրությունը, նույնպես, կարծում եմ, շտապողականության դրսեւորում է: Բոլոր տեսակ սահմանադրությունների, ընտրակարգերի եւ կառավարման համակարգերի ժամանակ իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները՝ վերջին երկու անգամները, թերեւս, ավելի քիչ, քան առաջ: Իսկ Սահմանադրական դատարանը մշտապես դակել է ԿԸՀ-ի որոշումը: Այս անգամ էլ կդակի: Հետեւաբար պետք է օգտվել այն խորհրդից, որը ժամանակին տվել է Պուտինը՝ «պետք է ուղեղները փոխել, ոչ թե սահմանադրությունը»: Քանի իշխանություն պահելը կամ վերցնելը քաղաքական ուժերի համար կյանքի եւ մահու խնդիր է, այս իրավիճակը շարունակվելու է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում;

Նմանատիպ նյութեր