211652_close_icon
views-count3095 դիտում article-date 23:40 14-07-2021

Հայաստանը կունենա ազգային «լոու քոսթ» ավիաընկերություն. ստորագրվեց համաձայնագիր «Էյր Արաբիա» ընկերության հետ

 Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ազգային ավիաընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը:

«Սա ռազմավարական նշանակության ներդրումային ծրագիր է և մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ավիացիայի զարգացման համար», - ասաց Տիգրան Ավինյանը:

Հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին: Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար Դավիթ Փափազյանը և «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալին:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ստորագրված համաձայնագրով ստեղծվելու է անկախ համատեղ ընկերություն, որը բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում:

Ըստ նրա՝ որպես բյուջետային «լոու քոսթ» ավիաընկերություն՝ նոր ազգային ավիափոխադրողը նպաստելու զբոսաշրջության աճին և խթանելու է հարակից ոլորտների զարգացմանը: Իսկ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամենախոշոր ընկերության և աշխարհում ֆինանսապես ամենաարդյունավետ ավիաընկերություններից մեկի՝ «Էյր Արաբիայի» հետ համագործակցությունը ծրագրին առավել մեծ գրավչություն է տալիս:

«Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծմամբ ընդլայնվելու են Հայաստանի քաղաքացիների օդային մատչելի և որակյալ ճամփորդության հնարավորությունները: Համոզված եմ, որ սա լինելու է հաջողված նախագիծ, որի արդյունքները տեսանելի են լինելու շատ կարճ ժամանակում», - նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ, մեծ ուրախությամբ արձանագրելով, որ վերջապես Հայաստանը կունենա ազգային «լոու քոսթ» (low cost) ավիաընկերություն, շեշտեց, որ ազգային ավիաընկերությունը ստեղծվում է ավիացիոն ոլորտի՝ աշխարհի մակարդակով լավագույն մասնագետների կողմից:

Ռևազյանի խոսքով՝ դժվար է հաջողակ ավիաընկերություն ստեղծելը, քանի որ այս ոլորտը շատ մրցակցային է: Այդ պատճառով իրենք ներգրավել են լավագույն մասնագետներին ներգրավել, որոնք կիսում են իրենց տեսլականը:

Իսկ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար Դավիթ Փափազյանը, պատասխանելով լրագրողի հարցին, պարզաբանեց, որ ազգային ավիաընկերությունը ոչ մի տեսակի արտոնություններ «չի ուզելու», բայց, միևնույն ժամանակ, միակ ընկերությունն է, որը ունենալու է «ազգային ավիափոխադրող» պիտակավորումը:

Հարցին, թե պետության մասնաբաժինը այս ընկերությունում 50 տոկոսից բարձր է լինելու, թե 50 տոկոսից ցածր, Դավիթ Փափազյանը պատասխանեց, որ հայկական փաթեթը «50+» տոկոս է, բայց որոշում ընդունելու փաթեթը կլինի «Էյր Արաբիայի» ձեռքին:

«Երկար ժամանակ բանակցել ենք գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացությանը, որ որոշում ընդունելու փաթեթը պիտի լինի արաբական ընկերության ձեռքին: Դա իմ նախաձեռնությունը», - պարզաբանեց ԱՆԻՖ-ի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր