211652_close_icon
views-count1402 դիտում article-date 10:41 23-07-2021

Ինչպես խուսափել «բա որ դուք…» բանավեճից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Շուտով՝ ընդամենը 10 օրից, իր աշխատանքն է սկսելու 8-րդ գումարման Ազգային ժողովը: Սկսեմ պետության, առավել եւս՝ խորհրդարանական հանրապետության համար դրական արձանագրումից. այդ խորհրդարանը, ինչպես նաեւ նախորդը, ձեւական առումով լեգիտիմ է: Սահմանադրական դատարանն, ընդհանուր առմամբ, ճիշտ է բնութագրել նախընտրական պայքարի ցածր մտավոր եւ մշակութային մակարդակը՝ միայն թե ցանկալի էր, որ տարբերակում դներ իշխանության եւ ընդդիմության «հակաէթիկական» բառապաշարների միջեւ. երբ «կզցնելու» եւ «շինելու» սպառնալիք է հնչեցնում գործադիր իշխանության ղեկավարը, նա լծակներ ունի դրանք իրականացնելու (ինչը եւ անում է, մասնավորապես, Սյունիքի մարզում), իսկ ընդդիմությունը նման լծակներ չունի:

Բայց, ընդհանուր առմամբ, ՍԴ-ն, կարծում եմ, ճիշտ է վարվել՝ հաստատելով այս ընտրությունների արդյունքները: Ավելին՝ քաղաքական առումով հակված եմ համաձայնելու հայտնի սոցիոլոգ Գեորգի Դերգուլյանի հետ, որն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե հաղթեր Քոչարյանը, դա կլիներ մեր վերջին ընտրությունը, իսկ Փաշինյանի դեպքում էլի ընտրություններ կլինեն, ամենայն հավանականությամբ՝ արտահերթ: Դրանով իմ դրական արձանագրումներն ավարտվում են:

Որովհետեւ արդեն այս պահից էլ պարզ է, թե ինչպես է ծավալվելու խորհրդարանական բանավեճը: Ընդդիմությունն ասելու է՝ «ինչո՞ւ է այսինչ բանը վատ», իշխանությունը պատասխանելու է՝ «բա որ դուք…»: Ցանկացած քաղաքական դիսկուրս կարելի է շուռ տալ, իջեցնել այդ պրիմիտիվ լեզվակռվի մակարդակի՝ ֆեյսբուքում երկու կողմերի երկրպագուների բուռն էմոցիոնալ բացականչությունների «նվագակցության» ներքո: Օրինակ, հարց. «Ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորներն արդեն մի քանի ամիս գտնվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»: Պատասխան. «Որովհետեւ դուք 20 տարի թալանում էիք երկիրը, կեղեքում էիք ժողովրդին»: Կարծում եմ, այդ պատասխանը միանգամայն կբավարարի մեր ակտիվ քաղաքացիների մեծամասնությանը, մանավանդ՝ երբ այն հնչի հռետորական արվեստի վարպետների կողմից, որոնք «ՔՊ» խմբակցությունում շատ են: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ երկխոսությունից, որքան էլ վարպետորեն պատգամավորներն իրար «քլնգեն» եւ անգամ հայհոյեն, ադրբեջանցի զինվորները մեր տարածքից դուրս չեն գա:

Ինչ արած, ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծ մասը՝ մոտ 80 տոկոսն ընտրել է ա՛յս իշխանությանն ու ա՛յս ընդդիմությանը, եւ վերջինս արդարացիորեն կամ երբեմն՝ հանիրավի, ասոցացվում է «նախորդ իշխանության» հետ: Ինչպե՞ս խուսափել «բա որ դուք…» մակարդակի անպտուղ բանավեճերից: Ես ընդդիմադիր խմբակցություններին կառաջարկեի դրա համար կատարել երկու քայլ.  

1/ խնդրել երկրորդ եւ երրորդ նախագահներին փոքր-ինչ «պասիվանալ»,

2/ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որում 1998-2018 թվականների ժամանակաշրջանին տրվում է համապարփակ, քննադատական եւ անկեղծ գնահատական:

Դժվար թե դրա ազդեցության տակ իշխանությունը հրաժարվի իր սիրած «բա որ դուք…» փաստարկից, բայց գուցե ինչ-որ չափով բանավեճը կուղղորդի կառուցողական հուն: Իհարկե, հասկանում եմ, որ առաջարկներս գրեթե ֆանտաստիկայի ոլորտից են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր