211652_close_icon
views-count2100 դիտում article-date 10:38 25-08-2021

Ի՞նչ պետք է հակադրվի «ագրեսիվ-հնազանդներին»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնրոդողը գրում է․ «1989 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի պատմա-արխիվային ինստիտուտի ռեկտոր Յուրի Աֆանասեւը, որը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի մեծամասնության համեմատ ավելի առաջադեմ հայացքներ ուներ, այդ մեծամասնությանը բնութագրել էր որպես «ագրեսիվ-հնազանդ»: Ագրեսիվ՝ որովհետեւ «շեֆին» քծնելու նպատակով նրանք պատրաստ էին, ինչպես ասում են, «թռնել» ցանկացած ընդդիմախոսի «դեմքին», եւ հնազանդ՝ որովհետեւ իրենց պահվածքով նրանք, ի վերջո, կատարում էին այդ «շեֆի» կամքը:

Հայաստանի Ազգային ժողովների մեծ մասը՝ սկսած 1995 թվականից, շարունակած ՀՀԿ-ականներով եւ վերջացրած վերջին երկու գումարումներով, ունի ճիշտ նույնպիսի մեծամասնություն: Վերջին գումարման նորամուծությունն այն է, որ ԱԺ նախագահը, ըստ երևույթին, չկարողանալով զսպել դահլիճում եռացող կրքերը, օրը մեջ ոստիկանական ուժեր է հրավիրում դահլիճ եւ հետն էլ թույլ չի տալիս, որ այդ ամբողջ քաշքշուկը լրագրողները նկարահանեն: Մնացած բոլոր տեսակետներից, մասնավորապես, «սիրելի առաջնորդին» հաճոյանալու առումով ՔՊ-ականները կոմունիստներից, ՀՀՇ-ականներից եւ ՀՀԿ-ականներից չեն տարբերվում:

Բայց ես ուզում եմ խոսել հակառակ կողմի՝ փոքրամասնության, ընդդիմության կեցվածքի մասին՝ կրկին վերադառնալով ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարին: Ի՞նչ էր «ագրեսիվ-հնազանդ» մեծամասնությանը հակադրում 20-րդ դարի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը՝ ակադեմիկոս Սախարովը: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ նա այդ համագումարի ընթացքում ձայնը բարձրացնի, որեւէ մեկին վիրավորի կամ պիտակավորի: Հիշենք նաեւ, որ նա ամենեւին լավ հռետոր չէր՝ խոսում էր դանդաղ, կմկմալով, հնչյունները կուլ տալով: Նրա ելույթների ընթացքում «ագրեսիվ-հնազանդները» ոտքերով դոփում էին, բղավում էին, ծափ էին տալիս, բայց Սախարովը դրան բացարձակապես ուշադրություն չէր դարձնում: Նա շատ հանգիստ ասում էր այն, ինչ համապատասխանում էր իր համոզմունքներին. օրինակ, այն, որ Աֆղանստան զորք մտցնելը ճակատագրական սխալ էր, Պեկինի Տյանանմեն հրապարակում հազարավոր երիտասարդների սպանելը հանցագործություն էր: Իհարկե, դուք կարող եք վերլուծել այդ երկու իրադարձությունները պրագմատիզմի տեսանկյունից՝ դա նորմալ է: Բայց Սախարովը խոսում էր բացառապես իր սկզբունքներից ելնելով:

ԱԺ-ում ներկայիս ընդդիմության մարտավարությունն այլ է. նրանք ուզում են Փաշինյանից ավելի «Փաշինյան» դառնալ, այսինքն՝ լինել ավելի սկանդալային, ավելի ճղճղան, ավելի դեմագոգ, ավելի պապուլիստ, քան ներկայիս իշխանություններն են:  Պարզ է, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ընդդիմադիրները. եթե Փաշինյանի մոտ ստացվել է, ուրեմն իրենց մոտ էլ կստացվի: Բայց իրականում, խաղալով «մրցակցի դաշտում», նրանք միշտ պարտվելու են:

Ընդդիմության անհաջողությունների համար կա նաեւ ավելի հիմնավոր պատճառ, որը երեկ մի քանի անգամ հնչեցրել է հենց վարչապետը:  Նրա ասածի իմաստը հետեւյալն է. «այն ամենը, ինչ որ դուք՝ ընդդիմադիրներդ, ասել եք, բազմիցս գրվել է, հնչել է, կարդացվել է ու լսվել. ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչում եք դուք ինձ մեղադրում: Բայց նա ձեզ չի հավատացել, ձեր հետեւից չի գնացել, նա ընտրել է ինձ»: Այդ թեզի հետ հնարավոր չէ վիճել՝ այն ճշգրտմամբ, որ «ժողովուրդ» բառը պետք է փոխարինվի «ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնությունը» ձեւակերպումը: Իսկ այդ մեծամասնությունը պատվիրակել է խորհրդարան գալ արդեն հիշատակած «ագրեսիվ-հնազանդ» մեծամասնությանը: Դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր