Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան Տարիել Բարսեղյանը
Կյանքից հեռացել է հայտնի իրավաբան, ՀՀ պետական գործիչ Տարիել Կարապետի Բարսեղյանը:
Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 18:00-ին՝ Լորիս Մելիքով 20 հասցեում:
Տարիել Բարսեղյանի կենսագրությունը
Կրթությունը
1959-1962 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1967 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1970 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեությունը
1969-1989 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս,
1989-2000 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի վարիչ։
2000 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։
1990-1998 թթ. - ՀՀ Գերագույն դատարանի նախագահ։
2008 թ. մայիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել ՀՀ Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ՝ հինգ տարի ժամկետով։
Երկար տարիներ հայկական հեռուստատեսությամբ հեղինակել և վարել է «Մարդը և օրենքը» հաղորդաշարը։
Կոչումներ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2009)
Տարիել Բարսեղյանի մահվան կապակցությամբ Բարսեղյանների ընտանիքին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր ցավով տեղեկացա իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի անժամանակ մահվան մասին:
Անուրանալի է Տարիել Բարսեղյանի ավանդը թե՛ գիտական և մանկավարժական գործունեության ընթացքում սերունդների կրթության ու դաստիարակության, թե՛ իրավունքի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ջանքերի առումով:
Վաստակաշատ իրավանբան Տարիել Բարսեղյանը նաև առանձնանում էր հարգանքի արժանի իր մարդկային որակներով, պետական բարձր մտածողությամբ:
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Բարսեղյանների ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ընկերներին և ուսանողներին, նրանց հետ միասին սգում եմ այս ծանր կորուստը:
Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի Տարիել Բարսեղյանի ազնիվ հոգին և մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին»: