211652_close_icon
views-count1939 դիտում article-date 21:20 11-09-2021

ԱՄՆ-ն ԼՂ կարգավիճակի հարցը որոշված չի համարում. դեսպան

 Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը:

Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամենը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, քանի որ կարծում է, որ խաղաղության և անվտանգության այդ հիմնախնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով:

«Պետքարտուղար Բլինքենը տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը: Դա, իհարկե, շատ բարդ խնդիր է: 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն, և դրանցից մեկը, ինչպես նախկինում եմ ասել, այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում (անգլ.՝ We don’t consider the status of Nagorno Karabakh resolved, - խմբ.) և, հետևաբար, կշարունակենք պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում», - ասել է դեսպան Լին Թրեյսին:

Օգոստոսի 23-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը Սյունիքի մարզում տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ լրագրողներին ասել էր, որ իր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, քանի դեռ հաղթահարված չեն վերջին պատերազմի հետևանքները և լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Նմանատիպ նյութեր