211652_close_icon
views-count5584 դիտում article-date 10:51 29-09-2021

Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՊՊԾ-ն վերցնել անմիջական ենթակայության տակ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ժամանակին հեծանիվով աշխատանքի գնացող եւ «ժողովրդի ծոցից դուրս եկած» Նիկոլ Փաշինյանն այսօր այնքան է վախենում սեփական ժողովրդից, որ օր-օրի մեկուսանում է նրանից ու ավելացնում անվտանգության աշխատակիցների թիվը։ Մի ամբողջ կառույց՝ Պետական պահպանության ծառայությունը, որը գործում է ԱԱԾ-ի կազմում, այսօր զբաղված է նրա պաշտպանությամբ։ Նախիկինում Սերժ Սարգսյանին էինք քննադատում մեծաթիվ թիկնազորի համար, Փաշինյանը բառացիորեն ամեն ինչում մի քանի անգամ գերազանցեց նրան, այնպես, որ կարող է մրցել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։

Նրա այցելությունների օրերին խորհրդարանը վերածվում է պաշարված բերդի, նա Եռաբլուր է այցելում լույսը չբացված եւ տասնյակ թիկնապահներով շրջապատված, որոնք տանում են պաշտպանական ճամպրուկները, որ վտանգի պահին օդը փակեն: Այս նույն իշխանությունը ժամանակին ոչինչ չարեց, որ Արցախի օդը փակի եւ Եռաբլուրում հանգչող մեր հազարավոր երիտասարդներին պաշտպանի թշնամու բայրաքթարներից: Հիմա Փաշինյանը, հավանաբար, զոհերի հոգիներից է պաշտպանվում:

Փաշինյանին պաշտպանող թիկնապահներին տրամադրում է ՊՊԾ-ն, որն ԱԱԾ-ի կազմում գտնվող մարմին է։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշել է օրենքում փոփոխություն կատարել եւ ՊՊԾ-ն վերցնել անմիջապես  սեփական ենթակայության տակ։ Սրանով նա ցանկանում է էլ ավելի ուժեղացնել իր անվտանգությունը եւ ազդեցությունն իր անվտանգությունն ապահովող մարմնի վրա, որն անմիջապես կենթարկվի իրեն, ոչ թե միջնորդավորված՝ ԱԱԾ տնօրենի միջոցով։ Այսինքն՝ ԱԱԾ-ին ու դրա տնօրենին էլ շատ չի վստահում։

Օրենքի նախագծի նախնական տարբերակը հրապարակված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում։ Որպես հիմնավորում, նշված է․ «Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսեւորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ եւ յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեեւ ԱԱԾ աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ ԱԱԾ մասնակցությամբ, եւ հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաեւ պետական մարմինների միջեւ փոխգործակցության շրջանակներում: Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաեւ վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձեւավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում եւ ազատվում է հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ)»։

Դրա համար էլ որոշել են Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից, եւ այն կշարունակի գործել վարչապետի ենթակայության ներքո՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին։

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այս թեմայով ասաց, որ ՊՊԾ-ն, ԱԱԾ-ի կազմում լինելով հանդերձ, բավականին ինքնուրույն կառույց է՝ ինքնուրույն խնդիրներով եւ խնդիրների իրականացման գործիքակազմով։ «Պետական պահպանության ծառայությունն առանձնացնելը, ես կարծում եմ, հիմնականում երկու նպատակ է հետապնդում։  Առաջինը․ դրա ստատուսն են ուզում բարձրացնել` նույն Ռուսաստանի օրինակով, եւ ուզում են, որ այդ պաշտոնում նշանակված լինի մարդ, որը բացարձակ վստահություն կունենա եւ ուղիղ կենթարկվի հանրապետության ղեկավարին՝ վարչապետին։ Այդ բացարձակ վստահություն վայելող անձի միջնորդավորված ենթակայությունը՝ ԱԱԾ տնօրենի միջոցով, գուցե էսօրվա ղեկավարին չի բավարարում, եւ ուզում է, որ իր ենթակայության տակ գտնվի»,- ասաց նա։

Բայց թե լրացուցիչ ինչ է տալու նոր կարգավիճակն այդ մարմնի գործառույթների ընդլայնման իմաստով, Համբարձումյանը չի պատկերացնում։ Նրա կարծիքով՝ վարչապետի ենթակայության տակ անցնելուց հետո էլ ՊՊԾ-ն կատարելու է նույն գործը, ինչ արել է, պարզապես, ըստ նրա, մի փոքր կտուժի օպերատիվ աշխատանքը․ «Քանի որ, ԱԱԾ կազմում գտնվելով, ՊՊԾ-ն սերտ համագործակցության մեջ է գտնվել մեր ծառայության մյուս օպերատիվ ստորաբաժանումների հետ։ Էդ իմաստով կարծում եմ՝ որոշակի իմաստով կտուժի օպերատիվ աշխատանքը»։ Դիտարկմանը, թե այս դեպքում Նիկոլ Փաշինյանը հստակ անձնական նպատակ է հետապնդում, Համբարձումյանն ասաց, թե չէր ցանկանա այդպես ուղիղ ձեւակերպել, պարզապես կասեր՝ սա նշանակում է, որ երկրի ղեկավարն ուզում է՝ անմիջապես իր ենթակայության տակ գտնվի այդ մարմինը, ու որպեսզի միջնորդավորված ղեկավարում չլինի։ Հիշեցնենք, որ ՊՊԾ-ն, ըստ օրենքի, ունի «օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու» իրավունք, ինչն այսուհետ կիրականացնի Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով: Այսինքն` գաղտնալսումներ, արտաքին հսկողություն, մարդկանց հետեւել եւ այլն, կիրականացվեն անմիջականորեն նեղ շրջանակի կողմից` վարչապետի կամայական որոշումներով:

Պարոն Համբարձումյանից հետաքրքրվեցինք նաեւ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի մեծացման, Եռաբլուր տասնյակ թիկնապահներով այցելելու մասին։ Նա ասաց․ «Դա պայմանավորված է լինում օպերատիվ իրավիճակով եւ ծառայության ղեկավարի որոշմամբ... Ուրեմն էդպես են գնահատում, որ օպերատիվ իրավիճակը լարված է, դրա համար էլ էդքան ուժային կենտրոնացում կա»։ Համբարձումյանը նաեւ նկատեց, որ, իր կարծիքով, սա լրացուցիչ ծախս եւ լրացուցիչ բեռ է ավելացնելու բյուջեի վրա, քանզի կարծում է՝ ղեկավար կազմի աշխատավարձերն էլ կբարձրանան։ Ի դեպ, նա նշեց, որ իր օրոք, երբ ղեկավարում էր ԱԱԾ-ն, նման նախագիծ երբեք չի քննարկվել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր