211652_close_icon
views-count905 դիտում article-date 11:58 16-06-2014

Մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք վերցվելու է առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության տակ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ: Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա էին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ: Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հաջորդաբար ներկայացրեց Գյումրիում առաջին դեպքում մոր և պտղի, երկրորդ դեպքում` պտղի մահվան հանգամանքները, ախտորոշումները, իրականացված բժշկական գործընթացի մանրամասները: Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մասնագիտական վերլուծության է ենթարկվելու: «Դա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վեր հանմանը, այլև կնպաստի նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս նվազագույնի կհասցվեն ռիսկի գործոնները»,-ընդգծեց նախարարը: Նա ոլորտի ներկայացուցիչներին կոչ արեց մշտապես լինել զգոն, ուշադիր և աշխատանքը կատարել մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ «կոլեգիալության», գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա: Նա մարզային ծննդատների տնօրեններին և բուժաշխատողներին հորդորեց որոշումներ կայացնելու գործում լինել ավելի օպերատիվ, քանի որ հաճախ մոր կամ պտղի կյանքը փրկելը վայրկյանների հարց է: Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի և Գյումրու ծննդատանը տեղի ունեցած դեպքերը գտնվում են նախաքննության փուլում և կատարվում է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքերին առնչվող բոլոր փաստաթղթերը առգրավված են իրավապահ մարմինների կողմից: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել դեպքերի հետ կապված հանգամանքները: Օրենքով սահմանված կարգով, մինչև նախաքննության փուլի և/ կամ քրեական վարույթի ավարտը տվյալների հրապարակումը թույլատրելի չէ:

Նմանատիպ նյութեր