211652_close_icon
views-count1351 դիտում article-date 10:43 01-10-2021

Իշխանությունը նպաստում է դավադրապաշտությանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում շարունակվում է կատաղի արշավը կորոնավիրուսից պատվաստվելու դեմ: Նման հակաքարոզչություն ծավալվում է ամբողջ աշխարհում, բայց հատկապես մեր երկրում այդ սերմերը պարարտ հողի վրա են ընկնում, որովհետեւ հայաստանյան հասարակության մեջ լայն տարածում է գտել կասկածամտությունը եւ կույր հավատը դավադրությունների հանդեպ: Մեր քաղաքացիների զգալի մասը վստահ է, որ «Քովիդ-19»-ը հնարել են մութ ուժերը, որպեսզի պակասեցնեն աշխարհի բնակչության քանակը, եւ այդ նույն ուժերն ուզում են, որ պատվաստումներն ավելի շատ լինեն, քանի որ դեղամիջոցներ արտադրող ընկերությունները ցանկանում են հարստանալ: Ոմանք էլ ասում են, որ մեր երկրում եղած պատվաստամիջոցներն այնքան էլ լավը չեն եւ սպասում են, որ գան ավելի լավերը: Դա տեղավորվում է «հարեւանի հարսի գեղեցկության» մասին պատկերացումների մեջ:

Պետք է ասել, որ այս դավադրապաշտական մտածողությանը նպաստում է նաեւ իշխանությունը: Առողջապահության նախարարությունը փոխանակ դանդաղ եւ համբերատար բացատրի մեր քաղաքացիներին, թե ինչու է պետք պատվաստվել, մտցնում է իմպերատիվ պահանջներ, որոնք միանգամայն կիրառելի են Չինաստանում, բայց մեր երկրում դրանք արդյունք չեն տա՝ պետք է հաշվի առնել թե՛ քաղաքական ռեժիմը, եւ թե՛ ազգային մենթալիտետը: Կարծում եմ, իրավունքի մասին անգամ աղոտ պատկերացումներ ունեցողներին պարզ է, որ մարդուն աշխատանքի թողնել-չթողնելը, նրան տուգանելը, առավել եւս՝ աշխատանքից ազատելը կարգավորվում է ոչ թե նախարարի հրամանով, այլ՝ միմիայն օրենքով: Ստիպել մարդկանց կա՛մ պատվաստվել, կա՛մ իրենց հաշվին ՊՇՌ թեսթ հանձնել՝ աշխատանքից հեռացվելու սպառնալիքի տակ, ոչ միայն անօրինական է, այլեւ մեր մշակույթի մեջ չի տեղավորվում: Եվ հակառակը՝ մեզ հատուկ կասկածամտությամբ մենք սկսում ենք եզան տակ հորթ փնտրել՝ եթե ստիպում են, ուրեմն թաքցնում են իրենց իրական նպատակները:

Ինչպես հնարավոր չէ Հայաստանում մարդկանց վարչական մեթոդներով ստիպել, որ նրանք պատվաստվեն կամ թեսթ հանձնեն, այդպես էլ անհնարին է ստիպել դիմակ կրել հասարակական վայրերում: Սուպերմարկետներից մի քանիսում նման պահանջ երբեմն դրվում է, այն էլ՝ ոչ ամենայն խստությամբ: Բայց քաղաքային տրանսպորտում նման՝ անգամ նվազագույն վերահսկողություն չկա: Ես ինքս երթեւեկում եմ լեփ-լեցուն ավտոբուսներով ու երթուղային տաքսիներով ու իմ աչքով տեսնում եմ, որ տասը հոգուց մեկն է դիմակ կրում:

Ելքը շարունակում է մնալ հնարավորինս շուտ պատվաստվելը՝ կամավոր, գիտակցաբար: Չնայած դա բոլորին հայտնի է, բայց ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ պատվաստում ստանալը չի ապահովագրում վարակվելուց, բայց էապես, մի քանի անգամ նվազեցնում է թե՛ վարակվելու, եւ թե՛ հիվանդության բարդ ընթացքի ռիսկը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր