211652_close_icon
views-count10861 դիտում article-date 10:52 02-10-2021

Ինչո՞ւ չի դրվում Փաշինյանի արձանը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կա պատմական այսպիսի մի անեկդոտ (կամ, ով գիտի, գուցե իրական դեպք): Ստալինի որդին՝ Վասիլին, թերանում է իր ծառայության մեջ, եւ հայրը նրան աշխատասենյակ է կանչում: «Դու կարծում ես, եթե դու Ստալինի որդին ես, քեզ ամեն ինչ կարելի՞ է,- խրատում է խորհրդային բռնապետը եւ հետո ավելացնում,- նույնիսկ ես չեմ կարող անել այն, ինչ ուզում եմ: Այ, նրան,- ցույց տալով պատին կախած իր իսկ նկարը,- նրան ամեն ինչ կարելի է»:

Ինչի՞ մասին է այդ պատմությունը: Հենց որ կենդանի, գործող առաջին դեմքի նկարը հայտնվում է պատին, նա դադարում է կենդանի մարդ լինելուց՝ իր բոլոր թերություններով ու սահմանափակումներով: Նա դառնում է իր սեփական արձանը՝ սրբապատկեր, որին կարելի է միայն երկրպագել: Դուք երբեւէ տեսե՞լ եք սրբապատկերը սխալվի, քննադատվի, որ նրա գործողությունները կասկածի տակ դրվեն:

Ընթերցողը, հավանաբար, հիշում է, թե ինչ աղմուկ էր բարձրացնում այն ժամանակվա ընդդիմությունն ու քաղհասարակությունը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ պաշտոնյաները երրորդ նախագահի նկարը կախում էին իրենց աշխատասենյակների պատերին: Դա իրավացիորեն համարվում էր անձի պաշտամունքի, քծնանքի, շողոքորթության, հյուսիսկորեական մշակույթի դրսեւորում: (Գիտեմ, որ Արեւմուտքում նույնպես դա որոշ տեղերում ընդունված է. ես խոսում եմ մեր՝ հայաստանցիներիս, ընկալումների մասին):

Իսկ երբ հիմա պաշտոնյաներն իրենց պատերը զարդարում են Նիկոլ Փաշինյանի նկարով, դա ինչի՞ դրսեւորում է: Այդ հարցի պատասխանը վերջերս տվել է արդարադատության նախարար Կարեն Անդրիասյանը: Ըստ նրա՝ «լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»: 

Այսինքն՝ Փաշինյանի նկարը նախարարի համար ուղղորդող նշանակություն ունի. երբ նա զգում է, որ գնում է սխալ ճանապարհով, նայում է նկարին, եւ վերջինս նրան ոգեշնչում է՝ գործել արդար եւ ազնիվ: Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ քրիստոնյաներս, նման ոգեշնչման աղբյուր ենք փնտրում Աստվածաշնչում:

Կարծում եմ, եթե Փաշինյանի պատկերն իսկապես այդպիսի մաքրագործող ազդեցություն է թողնում, ապա միայն նախարարներով պետք չէ սահմանափակվել: Փաշինյանի արձանը պետք է դնել Մոնումենտում՝ Մայր Հայաստանի փոխարեն, որպեսզի մենք էլ ներքեւից վերեւ նայելով, սովորենք, թե ինչպես պետք է լինել անաչառ եւ ազնիվ: Եվ ամենակարեւորը՝ ինչպես է պետք ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը: Ի դեպ, Ստալինը, որին ես, բնականաբար, ակնարկում եմ եւ որի արձանը Երեւանում դրվել էր 1950 թվականին, իր երկիրը տարել էր դեպի հաղթանակ: Ի տարբերություն ոմանց:

․․․ Եթե անպայման պետք լիներ ինչ-որ մի նկար կախել առանձնասենյակում, ես այսօր կկախեի Պլատոնի նկարը, որը Ք.ա. 360 թվականին գրում էր. «Լավ մարդիկ հենց դրա համար էլ չեն ուզում իշխել՝ ոչ փողի, ոչ էլ փառքի դիմաց: Նրանք չեն ուզում վարձկան կոչվել՝ բացահայտորեն պարգեւատրում ստանալով իշխելու համար, չեն ցանկանում նաեւ գող հռչակվել՝ թաքուն օգտվելով իշխելու առավելություններից: Միաժամանակ նրանց չի գայթակղում նաեւ փառքը, չէ՞ նրանք փառամոլ չեն»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր