211652_close_icon
views-count2136 դիտում article-date 10:53 19-10-2021

Թշնամին մայիսի 12-ից մեր տարածքում շինարարություն է իրականացնում․ մի քանի օր է՝ վառելափայտ են կուտակում. Վերին Շորժայի գյուղապետ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ՀՀ Զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել և տնակների տեղադրման աշխատանքներ է իրականացնում։ Միաժամանակ մարզպետը հակադարձեց ՄԻՊ Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե թշնամին Գեղարքունիքի մարզի սահմանային այն հատվածներում, որտեղ մայիսի 12-ից գտնվում է՝ մեծածավալ շինարարական աշխատանքներ է իրականացնում, ապաստարաններ է կառուցում ու կուտակում մեծածավալ քանակությամբ վառելափայտ։

«Այսօր խոսել եմ 2-րդ կորպուսի հրամանատարի հետ, նա ինձ ասել է, որ նման բան չկա, այսինքն՝ թշնամին այդ տեղերում չի ամրանում։ Նորից եմ կրկնում՝ այն հատվածները, որտեղ իրենք առաջ են եկել, մխրճվել են մեր տարածք, որևէ ամրաշինական աշխատանքներ չեն կատարում»,- ասել է Գեղարքունիքի մարզպետը։

168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրենք ամեն օր տեսնում են, թե թշնամին ինչ մեծ քանակությամբ վառելափայտ է կուտակում։

«Ինչ վերաբերում է շինարարություն իրականացնելուն, ապա մայիսի 12-ից, ինչ թշնամին ներխուժել է մեր տարածք, շինարարություն են իրականացնում, տեխնիկա կուտակում։ Այդ ամենը ամենօրյա բնույթ է կրում։ Մի քանի օր է՝ ակտիվ վառելափայտ են բերում, ձմռանն են նախապատրաստվում»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Նա նաև շեշտեց՝ մարզպետը չի՞ տեսել, որ մայիս ամսից թշնամին ՀՀ սուվերեն տարածքում նստած՝ աշխատում է, ամրացնում դիրքերը։

«Հիմա էլ ի՞նչ պետք է անեն, ինչ անելու էր, իրենք էն գլխից արել են։ Լավ է, որ այս շրջանում կրակոցներ չկան»,- եզրափակեց Վերին Շորժայի գյուղապետը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր