211652_close_icon
views-count1208 դիտում article-date 10:37 29-10-2021

«Сам дурак» ոճի ավանդական երկխոսություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ամեն մի նիստի ընթացքում նախատեսված է միջոցառում, որը կոչվում է «պատգամավորներ-կառավարություն հարց ու պատասխան»: Իբր պատգամավորները հարց են տալիս, իսկ կառավարության անդամները պատասխանում են: Բայց հարց տալը, ինչպես գրված է ժուռնալիստիկայի ցանկացած դասագրքում, նպատակ ունի ինչ-որ հավելյալ տեղեկություն բացահայտելու, դիմացինի դիրքորոշումը պարզելու: Եթե ես հարցնում եմ՝ Դուք չե՞ք գտնում, որ դուք սրիկա եք, դա իրականում հարց չէ, դա հարցական նշանով մեղադրանք է, որն ունի միայն մեկ նպատակ՝ հնչեցնել «սրիկա» բառը: Որովհետեւ ենթադրելի է, որ աշխարհում գրեթե չկան մարդիկ եւ բացարձակապես չկան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ, որոնք իրենց սրիկա են համարում: Այդպիսով, հարցի պատասխանը նախօրոք հայտնի է:

Եվ ահա, վերջին մի քանի ամիսների «հարցուպատասխաներն» այնքան նման են միմյանց, որ դավադրությունների տեսության կողմնակիցները թերեւս կարող են կասկածել, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ պայմանավորվում են նույն թատրոնը խաղալու: Սխեման մոտավորապես հետեւյալն է. ընդդիմությունն ասում է (ձեւակերպելով դա որպես հարց)՝ դուք դավաճանել եք, դուք ծախել եք, դուք հանձնել եք, իսկ իշխանությունը հակադարձում է (որպես պատասխան)՝ այդ դո՛ւք եք ծախել, դավաճանել եւ հանձնել՝ ղեկավարվելով բանավեճի «сам дурак» պարզունակ տրամաբանությամբ:

Ընդ որում` ընդդիմադիր պատգամավորները վկայակոչում են իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ա՛յս իշխանության օրոք, ինչպես նաեւ երկրի ներկայիս ողորմելի իրավիճակը: Իսկ իշխանության ճամբարից հնչում են մեղադրանքներ ենթադրյալ հանցագործությունների մասին, որոնք դեռեւս պետք է ապացուցվեն դատարանի կողմից, ինչպես նաեւ ներկայացվում են բանակցային գործընթացի մանրամասներ, որոնց մի մասն ինձ ճշգրիտ չի թվում:

Մասնավորապես, ոչ մի բաց փաստաթղթում, որքան ես գիտեմ, գրված չէ, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս գային Շուշիից եւ Հադրութից: Եվ, իհարկե, իշխանության գլխավոր փաստարկն է Ռոբերտ Քոչարյանի հարուստ լինելը, եւ դա իսկապես հզոր կռվան է հասարակական կարծիքի վրա ազդելու տեսանկյունից: Արդեն բազմիցս նշվել է, որ Քոչարյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի լիդեր լինելը խոցելի է դարձնում այդ խմբակցության պատգամավորներին:

Այսպիսով, իշխանությունը կոռուպցիայի հարցով ասում է ճշմարտությունը, բայց պարտության միակ կամ անգամ հիմնական պատճառը կոռուպցիան հռչակելու փորձը, իմ կարծիքով, համոզիչ չէ: Գումարած դրան, իշխանությունը, արդարանալու նպատակով, աղավաղված է ներկայացնում բանակցային գործընթացը: Ընդդիմությունը, չկարողանալով կամ չցանկանալով խորանալ պարտության իրական պատճառների մեջ, առաջ է բերում «դավաճանելու» եւ «ծախելու» պարզունակ եւ, իմ պատկերացմամբ, սխալ վարկածը: Երկուսն էլ, առավել կամ պակաս հաջող ձեւով, խաղում են մարդկանց զգացմունքների հետ: Երկուսն էլ չեն մոտեցնում մեզ ճշմարտությանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր