211652_close_icon
views-count1846 դիտում article-date 10:50 05-11-2021

Անվստահությունն աղետալի է․ ժամանակն է՝ չարիքի դեմ համախմբվելու․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ինչո՞ւ այս ազգը չի համախմբվում»՝ այդ հռետորական հարցն ինձ հաճախ են տալիս հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները: Եվ, ինչպես որ դա սովորաբար լինում է, հենց իրենք էլ պատասխանում են հարցին՝ չսպասելով, մինչեւ հայտնեմ իմ նկատառումները: «Որովհետեւ,- ասում են նրանք,- մեզ մոտ հարյուր հատ կուսակցություն կա, ինչպես նաեւ 100-ից ավելի պատգամավոր: Բա էս մի բուռ ազգին էդքան պատգամավոր կամ կուսակցություն պե՞տք է»: Ինձ թվում է, սակայն, որ իմ զրուցակիցները խոսում են հետեւանքների, ոչ թե պատճառների մասին:

Սոկրատեսի աշակերտներից մեկը, ուսուցչին վերջին անգամ տեսնելիս, սրտնեղում է՝ «ամենացավալին այն է, որ քեզ մահվան են դատապարտել անարդարացիորեն»: Ինչին Սոկրատեսը պատասխանում է՝ «Իսկ դու շա՞տ կուրախանայիր, եթե ինձ դատապարտեին արդարացիորեն»: Փոքր-ինչ ձեւափոխելով այդ միտքը, ուզում եմ հարցնել՝ ազգը միասնակա՞ն կլիներ, եթե մենք ունենայինք, ասենք, 5 կուսակցություն կամ 40 պատգամավոր: Խիստ կասկածում եմ: Հասարակության պառակտվածության պատճառը քաղաքական հոսանքների քանակը չէ՝ մանավանդ, որ դրանք, որպես կանոն, քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեն: Մեր նման հասարակությունների խնդիրը իրար հանդեպ վստահության ցածր մակարդակն է:

Ռուսաստանցի տնտեսագետ Ալեքսանդր Աուզանը դասախոսությունների հրաշալի շարք ունի՝ տնտեսություն եւ մշակույթի փոխկապակցվածության եւ, մասնավորապես, այն մասին, թե ինչպես է վստահության (ոչ միայն իշխանության հանդեպ, այլեւ՝ քաղաքացիների մեջ ստեղծված փոխվստահության) բարձր մակարդակը նպաստում տնտեսության առաջընթացին: Ըստ այդ՝ ամենաշատն իրար վստահում են շվեդները՝ 63 տոկոսը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, մարդկանց կարելի է հավատալ: Զարմանալի՞ է արդյոք, որ այդ երկրում ոչ միայն բարձր են տնտեսական ցուցանիշները, այլեւ համավարակի դեմ պայքարում գրանցվել են շոշափելի հաջողություններ, առանց լոքդաունների եւ խիստ սահմանափակումների:

Փոխադարձ վստահությունը եւ իշխանությունը պահելը տարբեր բաներ են: Վերջինս յուրահատուկ, այսրոպեական երեւույթ է: Օրինակ, Հայաստանում այժմ բավարար է ցույց տալ Քոչարյանի խրտվիլակը, եւ քաղաքացիների մեծամասնությունը կբացականչի՝ «վայ, միայն թե ո՛չ ինքը» (ես էլ՝ բոլորի հետ միասին): Բայց իրական վստահության մթնոլորտի հետ դա կապ չունի: Ի դեպ, նման մթնոլորտի ծիլեր կային նախորդ տասնամյակում՝ դրանք երեւում էին քաղաքացիական շարժումների եւ, իհարկե, 2018 թվականի հեղափոխության ժամանակ: Բայց իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի այդ ծիլերը վերանան, իսկ թե ինչու է այդպես վարվել, առանձին խոսակցություն է:

Այժմ Հայաստանում «քովիդից» օրական 50 հոգի է մահանում: Կարծես թե ճիշտ ժամանակն է՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ համակրանք-հակակրանքներից «թագավարակ» կոչվող չարիքի դեմ համախմբվելու: Բայց դուրս եկեք փողոց եւ առանց տեսախցիկների հարցրեք մարդկանց կարծիքը: Վստահ եղեք, որ նրանց մեծամասնությունը չի հավատում ո՛չ պաշտոնական թվերին, ո՛չ պատվաստվելու անհրաժեշտությանը, ո՛չ էլ կառավարության միջոցառումների արդյունավետությանը: Այդ պարագայում անվստահությունը պարզապես աղետալի է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր