211652_close_icon
views-count3112 դիտում article-date 22:54 08-11-2021

ԵՊՀ մշակույթի կենտրոնը մասնակցել է «Golden voice-2021» վոկալի 2-րդ միջազգային փառատոնին և արժանացել մրցանակների

Նոյեմբերի 7-12-ը «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախաձեռնությամբ «Նեպտուն» սպորտային համալիրում անցկացվելու է «Golden voice-2021» միջազգային փառատոնը, որի պարային փուլին աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնակիցների հետ մասնակցել է նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի պարային համույթը:
Մասնավորապես, համալսարանական պարային համույթը ներկայացել է երկու անվանակարգում՝ «Ժողովրդական պար» և «Ազգային պար»: «Ժողովրդական պար» անվանակարգում պարային համույթը ներկայացրել է «Ծաղկեփունջ» պարը՝ նոր գործիքավորմամբ, որի համար էլ ստացել է «Գրան պրի» մրցանակը: «Ազգային պար» անվանակարգում համալսարանականները կատարել են «KAREN-SEVAK Production»-ի «Հայաստան» ստեղծագործության ներքո բեմադրված պարային համար, որն էլ զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը:

«Մեր պարային համույթն առաջին անգամ էր մասնակցում նմանօրինակ միջազգային պարային մրցույթի: Եվ եթե հաշվի առնենք, որ մրցույթին մասնակցում էին հայաստանյան և օտարերկրյա արհեստավարժ խմբեր, ապա մեր մրցանակները, իսկապես լուրջ հաջողություն են:  Մեծ ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ մեր աղջիկներն առանձնանում էին բոլորից իրենց կատարողական ու բեմադրական ոճով, նրբաճաշակ հագուստներով: Մեզ համար կարևոր է, որ մշակութային ոլորտում բարձր պահենք Մայր բուհի անունը»,- ասում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

Նշենք, որ ԵՊՀ համալսարանական պարային համույթի գեղարվեստական ղեկավարն է Անի Հարոյանը:

Հավելենք նաև, որ միջազգային փառատոնի ժյուրիի կազմում են եղել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Էկվադորի, Մոլդովայի, Լեհաստանի և այլ երկրների մասնագետներ:
 

Նմանատիպ նյութեր