211652_close_icon
views-count2863 դիտում article-date 11:50 10-11-2021

Դատարանը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը Tert.am-ի  հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նշենք, որ Արա Մկրտչյանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։

Հիշեցնենք, որ նախաքննության սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որը բավարարվել է․ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել։

ՔԿ-ն հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քասախ համայնքի ղեկավարը, 1996թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը նույն համայնքի բնակչին վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև վերջինիս օտարելու նպատակով, կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք ու հողատարածքի ուրվագծային հատակագիծը, ըստ որոնց՝ վերոնշյալ հողատարածքը ներկայացվել է որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ թաքցնելով այդ հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը։

Այնուհետև Քասախ համայնքի նույն բնակչի հետ կնքելով վարձակալության պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վերջինիս վարձակալությանը։ Գիտակցելով, որ գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումը արգելվում է՝ Քասախ համայնքի ղեկավարը վերոնշյալ բնակչի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ հողատարածքը 783.000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին։

Բացի այդ, Քասախ համայնքի ղեկավարը, տարբեր քաղաքացիներից տեղեկանալով նրանց կողմից նույն համայնքում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին, մի շարք հողամասեր փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական  համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների հետ, վերջիններիս օժանդակությամբ նշված հողատարածքներն իբրև թե աճուրդի արդյունքներով իր համար ցանկալի անձանց օտարելու և հետագայում արդեն իսկ նրանց կողմից այդ հողատարածքները նշված քաղաքացիներին օտարելու շուրջ: Արդյունքում, կազմվել են հողամասերն աճուրդով վաճառելու մասին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին անձանց մասնակցության, կատարված քայլերի և իբրև թե առավելագույն գին առաջարկելու պայմաններում իր մտերիմներին հաղթող ճանաչելու վերաբերյալ:

Ապա, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմվել են հողամասերն աճուրդով վաճառելու մասին կեղծ արձանագրություններ, որոնք ստորագրվել են վերջինիս, արձանագրողի և իբրև գնորդ հանդիսացող իր մտերիմների կողմից: Հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները՝ համայնքի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ իբրև թե աճուրդում հաղթող ճանաչված անձանց հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո կնքվել են նշված հողամասերի առքուվաճառքի պայմանագրերը, և նշված հողամասերը օտարվել են վերոնշյալ քաղաքացիներին:

Արդյունքում, համայնքի և հողատարածքները ձեռք բերած անձանց իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած՝ ընդհանուր 43.064.000 ՀՀ դրամի էական վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993թ. նույն համայնքում կառուցված շինությունը, որի դիմացի հատվածում եղել է 17քմ մակերեսով ապօրինի շինություն, վերջնական ավարտին չհասցնելով այն՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է համայնքի մեկ այլ բնակչի։

Վերջինիս որդին, ով փաստացի տիրապետում է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ ապօրինի կառուցված՝ վերոնշյալ 17քմ. տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար,  ինչին վերջինս բանավոր համաձայնություն է տվել և չի իրականացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները, այն է՝ չի կանխարգելել և կասեցրել ինքնակամ կառույցի շարունակվող շինարարությունը, որի արդյունքում էլ 2015թ. վերջնական ավարտին է հասցվել ապօրինի շինարարությունը: 2020թ. տեղեկանալով, որ վերը նշված առերևույթ հանցագործության վերաբերյալ քննվում է քրեական գործ՝ համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել իր նախկինում կատարած անօրինականությունը և միայն 2020թ. հունիսի 2-ին կայացրել է համայնքի բնակչին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 315.2 հոդվածով։

Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։

Դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 


   

Նմանատիպ նյութեր