211652_close_icon
views-count1286 դիտում article-date 10:37 13-11-2021

Իշխանությունների քաղաքականությանը զանգվածային դիմադրություն չկա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չնայած գործընկերներիս մի մասը կարծում է, որ Ադրբեջանը, բացի գերիներից, մեր վրա ճնշելու որեւէ այլ լծակ չունի եւ մեր դեմ որեւէ քայլ չի կատարի, ես կարծում եմ, որ դա այդպես չէ:

Այս պարագայում համաձայն եմ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ, որ հաջորդ քայլը լինելու է Լաչինում մաքսակետ դնելը, ինչը փաստացի կնշանակի Արցախի մեկուսացումը Հայաստանից: Իսկապես, թշնամու գործողությունների տրամաբանությունը դա է հուշում: Գուցե ինձ առարկեն, որ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներ կան, բայց դա ինձ չի համոզում. ռուսներ կան նաեւ Սյունիքում, բայց դա ամենեւին չի խանգարել ադրբեջանցիներին զավթել միջպետական մայրուղին:

Այնպես որ` ես ռուսների վրա առանձնապես հույս չէի դնի: Բացի ամեն ինչից, խաղաղապահները չունեն ձեւակերպված մանդատ, թե որ դեպքում ինչ պիտի անեն: Օրինակ, երբ խաղաղապահների աչքի առաջ սպանվում է հայ խաղաղ բնակիչը, նրանք պե՞տք է պատասխան կրակ բացեն կրակողների ուղղությամբ:

Ինչո՞ւ են հնարավոր Ադրբեջանի նորանոր ոտնձգությունները: Ինչպես գրել եմ նախորդ հոդվածում, առաջին պատճառն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ, դա մեր պարտությունն արձանագրող թուղթ է, եւ հաղթող կողմը կշարունակի մեզ նվաստացնող քայլերն այնքան ժամանակ, քանի դեռ չկա իրավական ուժ ունեցող եւ միջազգային հիմնական խաղացողների կողմից հաստատված փաստաթուղթ:

Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանում իրականում չկա ներկա իշխանությունների քաղաքականությանը զանգվածային դիմադրություն: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. Ազգային ժողովի հերթական նիստի պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանի ժամն է: «Հայաստան» խմբակցության որեւէ պատգամավոր հարց է տալիս վարչապետին Գորիսի շրջանի գյուղերում հացի մատակարարման դժվարությունների կամ ուսուցիչների տեղաշարժի սահմանափակման պատճառով դպրոցների աշխատանքի խափանման մասին: Ի՞նչ է դրան պատասխանելու Փաշինյանը: Մոտավորապես հետեւյալը. «Թող ձեր շեֆը (նկատի ունենալով, բնականաբար, Քոչարյանին – Ա.Ա.) ժամանակին դրա մասին հոգ տաներ եւ իր միլիարդների մի մասը ծախսեր այդ խնդիրների լուծման վրա»: (Ես ներկայացնում եմ մոտավոր տեքստը, իրականում նա հաստատ կգտնի ավելի «շշպռող», «կզցնող» ձեւակերպումներ):

Դասական (արիստոտելյան) տրամաբանության տեսանկյունից այդ հակադարձումը ոչ մի քննադատության չի դիմանում: Բայց, վստահ եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասի (համենայնդեպս, վերջին ընտրություններում «ՔՊ»-ին ձայն տված 680 հազար քաղաքացիների) համար այդ պատասխանը միանգամայն ՀԱՄՈԶԻՉ է թվում: Ավելին՝ երբ հացի, դպրոցի եւ այլ խնդիրներից փախչելով, այդ գյուղերի բնակիչները գնան Ռուսաստան, նրանք այնտեղ էլ վստահ կլինեն, որ իրենց խնդիրներն առաջացել էին այն պատճառով, որ 2005 կամ, ասենք, 1965 թվականին ինչ-որ բան չի արվել:

Ահա եւ ստացվում է՝ ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր