211652_close_icon
views-count1397 դիտում article-date 20:34 15-11-2021

ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ առաջարկելով քննարկել և նպաստել Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրերի կարգի փոփոխմանը։ Նման որոշում կայացվեց ՀԱԳՄ նախագահության՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցած նիստում։ 

Խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ ՀԱԳՄ-ն առաջարկում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվի առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։ 

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ բեռնափոխադրումների այս կարգով կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ապրանքների բեռնման ժամանակ դրանց ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել դեպի Հայաստան եկող մաքսային ապրանքների միջինացված գների մակարդակը, կհավասարակշռի Միության անդամ երկրների բյուջե մուտք գործող ֆինանսական միջոցները։ 

Ի դեպ, հենց առաջարկվող կարգով են իրականացվում ապրանքների բեռնափոխադրումները Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։

Նախագահության նիստի օրակարգում էր նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ ֆինանսների նախարարության միջև ամենամսյա հանդիպում-քննարկումների մասին հարցը։ Այս ձևաչափով հանդիպումները, որոնց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից, քննարկվող հարցի համապատասխան ոլորտի նախարարից բացի, մասնակցում են նաև փոխնախարարներ, ստորաբաժանումների ղեկավարներ, քննության են առնվում հարցեր, որոնք առաջադրվում են  ՀԱԳՄ անդամների կողմից՝ որպես արդիական և որոշակի կարգավորում պահանջող։ Մինչ այս կայացած համանման հանդիպումներում քննարկվել են   տնտեսական զարգացման ռազմավարությանն ու դրանից բխող քայլերին, ներդրումների խրախուսմանը, պետական գնումների արդյունավետ ու թափանցիկ կազմակերպմանը, առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգին, պետություն-գործարարություն համագործակցության մեխանիզմներին, բազմաթիվ այլ հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Դրանց առնչությամբ գործարարները ներկայացրել են նաև խնդիրների լուծման իրենց տեսակետները, որոնք քննության են վերցվել համապատասխան գերատեսչությունների կողմից։ Երկուստեք արձանագրվել է, որ այս ձևաչափով աշխատանքները բավական արդյունավետ են, և ստեղծվել է գործուն հարթակ՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության համար։

Միության նախագահ Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ անդամներին հորդորեց պարբերաբար ներկայացնել իրենց ոլորտներին կամ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տնտեսական խնդիրները, առաջարկել դրանց գործնական լուծումներ, այդ աշխատանքներին ներգրավել նաև ընկերությունների մասնագետներին ու փորձագետներին։

 

Նմանատիպ նյութեր