Արցախի պետնախարարը Հայ Օգնության Ֆոնդի ներկայացուցչի հետ քննարկել է առողջապահական որոշ ծրագրեր
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարարի աշխատակազմը:
Պետական նախարարը բարձր է գնահատել Հայ Օգնության Ֆոնդի` Արցախին ուղղված մեծածավալ աջակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ևս սատարել կառույցի հայրենաշեն նախաձեռնություններին:
«Հայ օգնության ֆոնդը նշանակալի ներդրում ունի Արցախի վերականգնման ու զարգացման գործում: Ի թիվս այլ ծրագրերի, հատկանշական են առողջապահական միանգամյա ու շարունակական ծրագրերը, որոնցից կուզեի առանձնացնել հատկապես բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերը»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:
Անդրադարձ է կատարվել ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին, մասնավորապես՝ առողջապահության նախարարության հետ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագրին, ինչի արդյունքում ՀՀ-ից շուրջ 30 բժիշկ իր ծառայություններն է մատուցել բնակչությանը Հանրապետության տարբեր բնակավայրերում:
«Վստահեցնում եմ, որ ծրագիրն իր շարունակությունը կունենա՝ հաշվի առնելով առկա պահանջարկը: Իհարկե, ցանկալի կլինի, որ Արցախում բոլոր բուժհաստատությունները համալրված լինեին անհրաժեշտ մասնագետներով, որ մենք զբաղվենք նրանց միայն կրթության հարցերով: Շարունակվելու են նաև աջակցության մյուս ծրագրերը, այդ թվում՝ համակարգն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործընթացը»,- նշել է Համբարձում Սիմոնյանը:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին շարունակական աջակցության համար՝ վերահաստատելով Արցախի զարգացման գործում յուրաքանչյուր հայի ներդրումի և նվիրումի անհրաժեշտությունը: